«Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2050թ. Հայաստանի Հանրապետությունում բնակչության թիվն ավելի քիչ կլինի, քան այսօր է»,- հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նկատելով, որ ժողովրդագրական պատկերն սկսել է փոփոխվել դեռեւս 1995թ.-ից, նա նշեց, որ բնակչության թիվը, եթե ոչ ավելացնելու, ապա գոնե կայուն պահելու համար մեզ 2.1 գործակից է հարկավոր, իսկ մենք միայն 1.4 գործակից ունենք։

«Անցյալ տարի մոտ 42 հազար երեխա է ծնվել, բայց հաջորդ տարի թիվն, անշուշտ կնվազի։ Պատճառները մի քանիսն են՝ ամուսնության շեմի բարձրացում, ընտանիքի պլանավորման հարցեր, սոցիալական պայմաններ եւ այլն»,- ընդգծեց նա։

Ի պատասխան նրա դիտարկումների՝ մամուլի ասուլիսի մյուս բանախոս, Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը հայտարարեց, որ պատրաստվում է առնվազն 6 երեխա ունենալ եւ ներկաներին էլ խորհուրդ տվեց նույնն անել։