Շվեդիայի տնտեսությունը հաջորդ տարի կբախվի ռեցեսիայի, որը կառաջանա անզուսպ գնաճի եւ ուկրաինական պատերազմի հետեւանքով, հայտարարել է երկրի ֆինանսների նոր նախարար Էլիզաբեթ Սվանտեսոնը, հայտնում է Reuters-ը:

Այժմ ակնկալվում է, որ 2023 թվականին տնտեսությունը կկրճատվի 0,4 տոկոսով, եւ զգալի ռիսկ կա, որ արդյունքը կարող է ավելի թույլ լինել, ասել է նա։

Սկանդինավյան երկրի նախորդ կառավարությունը օգոստոսին 2023 թվականի համար 0,4 տոկոս աճ էր կանխատեսել։

«Շվեդիայի տնտեսական հեռանկարները մռայլ են, եւ մեզ դաժան ձմեռ է սպասվում»,- ասել է Սվանտեսոնը մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ կա մեծ ռիսկ, որ իրավիճակը կվատթարանա։

Նախարարությունը նաեւ բարձրացրել է գնաճի իր կանխատեսումները՝ նշելով, որ այն կկազմի 7,9 տոկոս այս տարի եւ 5,2 տոկոս՝ հաջորդ տարի, օգոստոսին նախորդ կառավարության համապատասխանաբար 7,3 տոկոս եւ 3,9 տոկոս կանխատեսման համեմատ։

Սվանտեսոնը խոստացել է հավատարիմ մնալ Շվեդիայի հարկաբյուջետային քաղաքականությանը, որի համաձայն պետական ֆինանսները տնտեսական ցիկլի ընթացքում կառավարվում են ՀՆԱ-ի 0,3 տոկոս հավելուրդով:

«Մեզ համար կարեւոր է, որ այս իրավիճակում ֆիսկալային քաղաքականությունը լավ հավասարակշռված լինի, որպեսզի ֆիսկալային քաղաքականությունն էլ ավելի չխթանի գնաճը»,- ասել է նա։