Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 17-րդ առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ընտրանին 4-րդ տուրում վստահ հաղթանակ տարավ Սերբիայի 2-րդ ընտրանու նկատմամբ: Լեւոն Արոնյանն ու Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Իգոր Միլադինովիչի ու Սլավիսա Բրենյոյի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը հաղթանակ տարան Նիկոլա Սեդլակի եւ Միլոշ Ռոգանովիչի նկատմամբ:

4-րդ տուրից հետո մեր հավաքականն ունի 6 միավոր եւ Ֆրանսիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Սերբիայի 1-ին եւ Իսրայելի հավաքականների հետ կիսում է 3-9-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 8-ական միավորով գլխավորում են Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: 5-րդ տուրում Հայաստանի թիմը հանդիպելու է Ֆրանսիայի ընտրանու հետ:

Իսկ Հայաստանի կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով ցավալի պարտություն կրեց Վրաստանի հավաքականից:

Հայաստանի հավաքականից Սիրանույշ Անդրիասյանը հաղթանակ տարավ Բելա Խոտենաշվիլիի նկատմամբ, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Սոֆիկա Խուխաշվիլիի հետ: Թիմի առաջատար Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը պարտություն կրեցին՝ համապատասխանաբար Նանա Ջագնիձեից եւ Նինո Խուրցիձեից:

4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով Լեհաստանի եւ Ռուսաստանի ընտրանիների հետ կիսում է 4-6-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վրաստանի թիմը, իսկ 2-3-րդ տեղերն իրար մեջ կիսում են Ադրբեջանի եւ Ուկրաինայի հավաքականները:

Այսօր կայանալիք 5-րդ տուրում Հայաստանի կանանց թիմը խաղալու է Ադրբեջանի հավաքականի հետ: