Բուխարեստում կարճատեւ այցելությամբ գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի արտգործնախարար Քրիստիան Դիակոնեսկուի հետ:

Հանդիպման օրակարգում էր երկկողմ համագործակցության զարգացմանը, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:Նախարարները նշեցին, որ Հայաստանի ու Ռումինիայի միջեւ առկա հարուստ իրավապայմանագրային դաշտը թույլ է տալիս գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Հայաստանի եւ Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունները:

Հայաստանի եւ Ռումինիայի արտգործնախարարները զրուցեցին Հայաստանի եւ Եվրոպական միության համագործակցության ընթացքի եւ այդ շրջանակներում երկկողմ փոխգործակցության վերաբերյալ: Այս առումով Նալբանդյանը կարեւորեց ԵՄ հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը եւ ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Եվրոպայում անվտանգության ապահովման եւ գործող մեխանիզմների վերաբերյալ: Այս կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարը կարեւորեց սպառազինությունների սահմանափակման վերահսկողությունը սահմանող ձեւաչափերի կատարելագործումը: Էդվարդ Նալբանդյանը Ռումինիայի արտգործնախարարին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Քրիստիան Դիակոնեսկուն ներկայացրեց ռումինամոլդովական հարաբերությունների ներկա վիճակը եւ հեռանկարները, ինչպես նաեւ Եվրոպական միության ներսում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Ռումինիայի մոտեցումները: Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս: