Բնական գազի գինը սահմանափակելու ԵՄ առաջարկները «կեղծավոր են», Bloomberg TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ Ալ Քաաբին
Եվրահանձնաժողովը մտադիր է գազի գների սահմանափակում առաջարկել՝ օգտագործելով գնային դինամիկ մեխանիզմ, որը կարող է արդեն այս ձմռանը գործարկվել:
Բայց շուկաներին միջամտելը հակասում է մրցակցության կանոններին, որոնք Եվրոպան նախկինում կիրառել է արտադրողների նկատմամբ, ասել է Քաաբին, ով նաեւ հեղուկ բնական գազ արտադրող աշխարհի խոշորագույն Qatar Energy ընկերության գործադիր տնօրենն է: «Ազատ շուկան միշտ լավագույն լուծումն է»,- ասել է Քաաբին:
Բնական գազի գների սահմանափակումը նաեւ նվազեցնում է գազի արդյունահանման մեջ ներդրումներ կատարելու խթանները եւ կարող է որոշ գնորդների զրկել մատակարարումներից: Նա ասել է, որ մրցակից ներկրողները կարող են ներգրավել բեռներ, որոնք հակառակ դեպքում կգնային Եվրոպա՝ առաջարկելով ընդամենը մեկ ցենտ ավելի:
Մարտին Եվրահանձնաժողովն ավարտել է հակամենաշնորհային մոտ չորս տարվա հետաքննությունը եվրոպական ընկերություններին Կատարի ՀԲԳ մատակարարումների գործարքների վերաբերյալ: Հետաքննությունը սկսվել է այն մտավախությունների պատճառով, որ արտադրողի մատակարարումների համաձայնագրերը սահմանափակում են բլոկի ներքին շուկայում այլընտրանքային ուղղություններով ՀԲԳ վաճառելու ԵՄ-ից գազ ներկրողների հնարավորությունը:
Եվրոպայում դժվարությունները կպահպանվեն առնվազն մինչեւ 2025 թվականը, եթե ձմեռները խիստ լինեն, իսկ ռուսական խողովակաշարերով հոսքը չվերադառնա նորմալ մակարդակի, ասել է Կատարի նախարարը։ Նա նշել է, որ Qatar Energy-ն դեռեւս ՀԲԳ մատակարարումների մասին բանակցություններ է վարում գերմանական RWE AG եւ Uniper SE ընկերությունների հետ, ինչպես նաեւ բանակցում է որոշ ասիացի գնորդների հետ։
Կատարից այս տարի ավելի շատ ծավալներ ստանալու եվրոպական առաջնորդների ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ Կատարն արդեն շատ տարիներ գերսառեցված վառելիք է արտադրում՝ գերազանցելով սահմանված հզորությունը:
Կատարը պարտավորվել է ձեռնպահ մնալ Եվրոպայից մատակարարումների վերաուղղումից, թեեւ պայմանագրով թույլատրվում է դա անել: Կատարը հավատարիմ է մնում դրան, բայց «ոչինչ մշտական չէ, եւ մենք իրավունք ունենք մեր ծավալների հետ անել այն, ինչ ուզում ենք»,- ասել է Քաաբին: «Բայց դա խոստում էր, որը մենք տվել էինք որոշակի ժամանակահատվածում։ Երբ մենք նպատակահարմար կհամարենք հրաժարվել, մենք դա կանենք»։





























