Լիբանանի պետական Electricite du Liban էներգետիկ ընկերությունը 1990-ականներից առաջին անգամ բարձրացրել է էլեկտրաէներգիայի գինը, ինչը, ըստ պաշտոնյաների, ճանապարհ կհարթի էլեկտրաէներգիայի մատակարարումների հնարավոր ավելացման համար, հայտնում է Reuters-ը:

Լիբանանում 1990-ականներից շուրջօրյա էլեկտրամատակարարում չի եղել, եւ քրոնիկ վնասները ծածկելու համար EDL-ին դրամական փոխանցումներն ավելացրել են երկրի տասնյակ միլիարդավոր դոլարների հսկայական պետական պարտքը։ Էլեկտրաէներգիայի ոլորտի բարեփոխումը դոնոր երկրների հիմնական պահանջն է, որոնք պարտավորվել են օգնել Լիբանանին դուրս գալ ֆինանսական ճգնաժամից, եթե վերջինս բարեփոխումներ անցկացնի։

Կառավարության պաշտոնյաները հայտարարել են, որ էլեկտրաէներգիայի գների բարձրացումը թույլ կտա պետությանը ավելի շատ վառելիք գնել էլեկտրակայանների համար՝ դրանով իսկ մատակարարումը 1-2 ժամից հասցնելով օրական 10 ժամի։

EDL-ի ներկայացուցչի խոսքով՝ էլեկտրաէներգիան այժմ մեկ կիլովատտ/ժամի համար 10 ԱՄՆ ցենտ կարժենա՝ առաջին սպառած 100 կՎտ/ժ-ի համար, եւ 27 ցենտ՝ դրանից ավելի սպառելու դեպքում:

Էլեկտրաէներգիայի նոր ծախսերը կհաշվարկվեն լիբանանյան ֆունտով՝ Sayrafa հարթակում կենտրոնական բանկի փոխարժեքով, որը երեքշաբթի օրն ԱՄՆ դոլարի համար կազմել է մոտ 30 000 ֆունտ:

Պետական էլեկտրաէներգիայի գինը լիբանանյան ֆունտով նախկինում համարժեք է եղել մոտ 1 դոլարի մեկ կՎտ/ժ-ի համար: