Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը այսօր՝ հոկտեմբերի 26-ին հրապարակել է ոսկերչական «Ալթին» հոլդինգում մաքսանենգության մասին գործի նոր մանրամասները։ Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հետաքննությունը հայտնաբերել է, որ ընկերությունն ապօրինի գրասենյակ ունի Ստամբուլում, որտեղ աշխատել են Ղրղզստանի քաղաքացիներ, որոնք Թուրքիան են ժամանել զբոսաշրջային վիզաներով։

Հետաքննության տվյալների համաձայն, գրասենյակի աշխատակիցները ոսկերչական իրեր են գնել տեղի փոքր ձեռնարկատերերից՝ Ռուսաստանում դրանց հետագա մաքսանենգության նպատակով։ Նոր հանգամանքների բացահայտման կապակցությամբ, ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի»-ն, ԱԴԾ քննչական վարչությունը Թուրքիային ուղղված՝ գործին իրավական օգնություն ցուցաբերելու պաշտոնական հարցում է պատրաստում։

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ոսկերչական հոլդինգի մի քանի աշխատակիցների նկատմամբ մաքսանենգության փաստով քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 5-ին, ինչից հետո բազմաթիվ ստուգումներ են անցկացվել հոլդինգի Մոսկվայի, Պետերբուրգի եւ Օմսկի խանութներում ու գրասենյակներում։ Արդեն հոկտեմբերի 12-ին ոսկերչական «Ալթին» հոլդինգի դիտորդական խորհրդի փոխնախագահ Անտոնինա Բաբոսյուկին ձերբակալելու թույլտվություն է տրվել։

Ավելի վաղ դատարանը արտոնել էր մաքսանենգության գործով անցնող երկու անձանց ձերբակալությունը, որով անցնում են «Ալթին»-ի աշխատակիցներ՝ «Ալթին» ոսկու հիպերմարկետի գլխավոր տնօրեն Վալենտինա Շադրինան ու «Տյան Շան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վլադիմիր Սուխովեեւը։