Brent տեսակի նավթի գները կարող են հեշտությամբ բարձրանալ բարելի դիմաց 100 դոլարից, եթե Ռուսաստանից մատակարարումների կորուստները մոտենան օրական 3 միլիոն բարելի՝ ծովային ճանապարհով ռուսական նավթի ներմուծման ԵՄ էմբարգոյի ուժի մեջ մտնելուց հետո: Այս մասին հայտարարել է Միջազգային էներգետիկ ֆորումը (IEF):

IEF-ը եւ սպառող շատ երկրներ մտահոգված են, թե ինչ կլինի նավթի շուկայի հետ, երբ ուժի մեջ մտնեն ԵՄ պատժամիջոցները, Bloomberg TV-ին տված հարցազրույցում ասել է IEF-ի գլխավոր քարտուղար Ջոզեֆ Մակմոնիգլը։

Էներգետիկայի նախարարների աշխարհի խոշորագույն միջազգային կազմակերպության՝ IEF-ի կարծիքով, պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո նավթի շուկան կարող է կորցնել օրական 1-3 միլիոն բարել նավթի մատակարարում Ռուսաստանից: Այս դեպքում Brent Crude նավթի գինը հեշտությամբ կգերազանցի բարելի դիմաց 100 դոլարը։

Մակմոնիգլի խոսքով՝ էմբարգոյի մեկնարկից հետո մեծ անկայունություն կլինի, քանի որ շուկայից հեռացող ռուսական բարելների իրական քանակի վերաբերյալ շատ թափանցիկություն չի լինի: Այսպիսով, Brent նավթի գները կարող են «100 դոլարից շատ ավելի բարձրանալ»՝ մեծ տատանումներով, ինչն այնքան էլ լավ չէ շուկայի համար, ասել է նա: