«Ցորենի միջանցքի» աշխատանքը լիովին կարգավորվել է, հինգշաբթի կայացած հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Նավերի անցուդարձը «ցորենի միջանցքով» լիովին կարգավորվել է։ Այն շարունակում է գործել, սա հումանիտար բնույթի հարց է»,- ասել է Աքարը Haberturk հեռուստաալիքին։ Նա նշել է, որ ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ բանակցություններում նրան է փոխանցել ուկրաինական կողմի երաշխիքները՝ միջանցքը ռազմական նպատակներով չօգտագործելու մասին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայից գործարքի շրջանակում դուրս է բերվել ավելի քան 10 մլն տոննա ցորեն։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր բանակցություններից եւ երկու երկրների պաշտպանության նախարարների բանակցություններից հետո ձեռք է բերվել համաձայնություն՝ «ցորենի միջանցքի» աշխատանքը վերականգնելու մասին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի տեղեկացրել էր, որ Ռուսաստանը վերականգնում է մասնակցությունը պարենային գործարքին։





























