«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արդյունավետությունը կախված է պետական մարմինների հետ նրա համագործակցությունից: Եթե չեն համագործակցում մեզ հետ, մենք արդյունք հասնել չենք կարող, կարող ենք միայն հարցերը բարձրացնել»,- այսօր ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանի 2008 թվականի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց Պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով, ոչ բոլոր բարձրացված հարցերի առումով են իրենք կարողանում արդյունքի հասնել, որովհետեւ օրինակ Հատուկ քննչական ծառայությունը կամ գլխավոր դատախազությունը ՄԻՊ-ի դիմումներին պատասխանում է նույն կերպ, ասելով. «Չհիմնավորվեց»:

«Դրանից հետո, այդ մարմինների հետ մենք չենք կարող արդյունավետ գործել: Ոստիկանության դեպքում, վիճակը մի փոքր դրական է, որովհետեւ, ամեն դեպքում մի քանի դեպքեր են եղել, որ ընդունել են մեր մոտեցումները, ստորադաս օղակներում գործողներին աշխատանքից են ազատել: Այս տարի առաջին դեպքն է, որ ՀՔԾ-ի հետ կապված մեկ դրական գործ ունեցանք: Ընդունեցին մեր դիմումը եւ հարցը լուծվեց»,- ասաց նա ու հավելեց. «Այսինքն մենք երկու խնդիր ունենք. Առաջին` հարցը բարձրացնել, երկրորդ` հարցը լուծել: Առաջին դեպքում խնդիր չունենք, իսկ երկրորդ դեպքում՝ կախված է պետական մարմինների արձագանքից»:

Իսկ ահա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցներում ու ելույթներում խրախուսում է ընդդիմությանը: «Դրանով մենք ջուր ենք լցնում ադրբեջանցիների ջրաղացին, որովհետեւ դա նրանք կրկնում են ԵԽԽՎ-ում եւ մեր ընդդիմադիրներն էլ համագործակցում են նրանց հետ»,- ասաց նա:

Ռ. Պետրոսյանին ակնհայտորեն դուր չէր եկել, որ Պաշտպանի տարեկան զեկույցում կրկին անդրադարձ կար մարտի 1-ի դեպքերին: Դիմելով Ա. Հարությունյանին, նա ասաց. «Փաստ է, որ ընդդիմությունը անընդհատ հոլովում է մարտի 1-ը: Անընդհատ նույն բանը կրկնել եւ ընդդիմությանն էլ ասել, որ դուք էլ կրկնեք եւ վարկաբեկեք իշխանությանը, ես դրան դեմ եմ»: