«2008 թ-ի մարտի 1-ը արտացոլեց երկրում առկա իրավիճակը: Դա հանկարծակի երեւույթ չէր: Դա կարող էր ավելի մեղմ կամ ավելի խիստ լիներ, բայց նման մի բան պետք է լիներ, հաշվի առնելով երկրում գոյություն ունեցող սոցիալ- տնտեսական բեւեռացումը, մենաշնորհային տնտեսական համակարգը, միակենտրոն քաղաքական համակարգը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ով ներկայացնում էր 2008 թվականի իր տարեկան զեկույցը:

Նա դրական գնահատեց «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի տված գնահատականը՝ կապված մարտի 1-ի պատճառների հետ: «Առաջին անգամ մենք տեսանք, որ հանձնաժողովը պատճառահետեւանքային կապի մեջ օբյեկտիվ գտնվեց: Հանձնաժողովի այդ եզրակացության մեջ հստակ նշվեցին մարտի 1-ի պատճառները, եւ ընդգծվեց, որ այդ պատճառների համար պատասխանատու է իշխանությունը: Սրանից չխուսափեցին զեկույցում: Երկրորդ. Զեկույցում նշվեց, որ այդ պատճառների վերացման համար պետք է անել այս-այս քայլերը եւ այդ քայլերի իրականացման պատասխանատուն եւս իշխանությունն է»,- ասաց Ա. Հարությունյանը:

Իսկ ահա այդ հանձնաժողովի զեկույցի նկարագրման մասով, նա անհամաձայնություն հայտնեց՝ ընդգծելով, որ «կարծես միակողմանիություն կար»:

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ իր ելույթում դրական գնահատեց Ա. Հարությունյանի գործունեությունը՝ ընդգծելով, որ նա կարողացել է օբյեկտիվ գտնվել: «Արմեն Հարությունյանը տվել է գնահատականներ, որոնք ձեռնտու չեն եղել ընդդիմությանը եւ հարվածներ է ստացել ընդդիմությունից, եւ տվել է գնահատակններ, որոնք ընդունելի չեն եղել իշխանությունների համար եւ հարվածներ ստացել նաեւ նրանցից»,- ասաց Վ. Դալլաքյանը:

Այնուհետեւ նա անցում կատարեց Սերժ Սարգսյանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը եւ նշեց. «Ես կարծում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից համարձակ նախաձեռնությունը պետք է զուգակցվեր ներքաղաքական կյանքում լրջագույն քաղաքական բարեփոխումներով: Նա պետք է ապահովի արտաքին եւ ներքին կտրուկ բարեփոխումների զուգահեռ առաջընթաց»: Սակայն այդպես էլ չհստակեցրեց, թե ինչ նկատի ունի՝ քաղաքական համակարգում կտրուկ բարեփոխումներ ասելով: