Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հատուկ ծառայություններն օգտագործել է տասնյակ մարդկանց, ներառյալ պոտենցիալ քաղաքական ընդդիմախոսներին, նախարարներին, լրագրողներին եւ հայտնի գործարարներին լրտեսելու համար, գրել է Documento թերթը։
Թերթի տվյալներով՝ «Միցոտակիսի ցուցակը» ներառում է 33 մարդու ազգանուն, որոնց գաղտնալսել են ազգային անվտանգության պատրվակով։
Մասնավորապես, դրանում տեղ են գտել նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը, կառավարության ներկա անդամները, այդ թվում՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, զարգացման եւ ներդրումների նախարար Ադոնիս Գեորգիադիսը կնոջ հետ, առողջապահության նախկին նախարար, տուրիզմի նախարար Վասիլիս Կիկիլիասը, պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասը, ֆինանսների նախարար Խրիստոս Ստայկուրասը, ՆԳՆ-ի եւ հատուկ ծառայությունների պատասխանատու, հանրային կարգի նախկին նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը, կառավարամետ «Կատիմերինի» թերթի ղեկավար Ալեքսիս Պապախելասը, ազգային անվտանգության նախկին խորհրդական Ալեքսանդրոս Դիակոպուլոսը, տնտեսության գծով ավագ խորհրդական Ալեքսիս Պատելիսը, ինչպես նաեւ հայտնի եւ ազդեցիկ շատ մարդիկ։
«Ոչ ոք չի հավատա, որ ինչ-որ մասնավոր անձինք կորոշեն գաղտնալսել նախկին վարչապետին, կառավարության նախարարներին եւ հենց քաղաքացիների պաշտպանության նախարարին՝ խախտելով բոլոր պատկերացումները պետության անվտանգության մասին»,- գրել է թերթը եւ ամբողջ պատասխանատվությունը դրել Միցոտակիսի վրա։
Բացի այդ, Documento-ն գրել է, որ լրտեսությունը կատարվել է Predator վնասակար ծրագրի օգնությամբ։
«Վնասակար ծրագիրը Հունաստան է բերվել Կիպրոսով եւ (Կիպրոսում կառավարող) «Դեմոկրատական հավաք» կուսակցության եւ (Հունաստանի վարչապետի նստավայր) Մաքսիմի պալատի՝ EYP и Predator-ի հետ սերտ կապերի օգնությամբ, մեկ կենտրոնից ղեկավարվելով»,- նշել է թերթը, որը «Միցոտակիսի վարչապետությունն անվանում է սպառնալիք դեմոկրատիային»։
Այսպես, թերթի կիրակնօրյա համարի հոդվածներից մեկում Հունաստանի վարչապետին անվանում են «մեր ազգային ականջ» եւ հրապարակում նրա ծաղրանկարը։
Documento-ն մեկնաբանությունների համար դիմել է «ցուցակի» քաղաքական գործիչներին։ Նրանց մեծ մասը հայտարարել է, որ առաջին անգամ է լսում, որ իրենց գաղտնասլել են, եւ նրանք դրա մասին վկայություններ չունեն։





























