«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր առյուծներին կերակրում է օրական 10 կգ հորթի մսով, այլ ոչ թե ավանակի մսով: Այդ մասին հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ վերջերս ինտերնետում հոլովակ էր տարածվել, թե ինչպես մի գազանանոցում առյուծի երկու ձագ հարձակվում են ավանակի վրա եւ փորձում բզկտել, բայց ավանակը դիմադրում է, եւ դրսում հավաքվածները ստիպված են լինում գնդակահարել ավանակին: Դրանից հետո լուրեր տարածվեցին, թե այդ գազանանոցը Գագիկ Ծառուկյանինն է: Ծառուկյանը ԱԺ էր եկել իր առյուծների ու վագրերի նկարներով՝ ապացուցելու, որ դրանք իր առյուծները չեն:
«Մարդիկ ընկնում են շանտաժի հետեւից, եւ հենց հիմա լրագրողներին հրավիրում եմ, որ գաք, տեսնեք, որ Ծառուկյանի այգում ինչ կենդանիներ կան: Եւ իմ կենդանիներն ու այդ ձեր տեսած կենդանիները ուրիշ են: Ես սպիտակ առյուծ, սպիտակ վագր եմ պահում: Ես կենդանի պահող մարդ եմ ու կենդանիներին շատ սիրում եմ, եւ առավել եւս` առյուծը որպես հզոր կենդանի, ո՞նց կարող եմ նման բաներ թույլ տալ»,- ասել է Ծառուկյանը, իսկ հարցին, թե ինչու է առյուծներ պահում, պատասխանել է. «Սիրում եմ, պահում եմ, դա արգելվա՞ծ է օրենքով»:
ԲՀԿ նախագահը նաեւ հայտարարել է, թե իր գիշատիչներին կերակրում է հորթի մսով: «Օրական ամեն մեկին էլ թարմ 10 կգ միս եմ տալիս: Կարող եք գալ, տեսնել, հիանալ, որ մարդիկ իրենց տները այդպես չեն պահում, իսկ Ծառուկյանը իր կենդանիներին այդպես լավ է պահում: Կենդանին լեզու չունի, ու եթե պահում ես, պետք է լավ պահես»:
Ծառուկյանը նաեւ հավելել է, թե իր անվան հետ շատ անհավանական բաներ են փորձում կապել: «Որ ասենք թե „Շանթ“ հեռուստաընկերության Նվերի հետ էլ էր դեպք պատահել, Ծառուկյանի վրա էին գցում, բայց Գագիկ Ծառուկյանն ինչ որ անում է, բացահայտ ասում է: Բայց հիմա ստից բան են ման գալիս, որ ինձ կպցնեն, բայց չոր բանը մարդու վրա չի կպնում»,- պատկերավոր ասել է Ծառուկյանը:




























