«Թուրքիայում կատարվող հայտարարությունները բավականին փոքր վստահության պաշար են թողել, եւ միայն գործը կարող է մեզ վստահություն ներշնչել»,- հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հանրապետական Գագիկ Մինասյանը ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Հայաստանն առաջինը չի վավերացնում արձանագրությունները։ Ըստ Մինասյանի՝ թուրքական դիվանագիտության նկատմամբ ունեցած անվստահությունն է ստիպում հայկական կողմին սպասել, որ թուրքական կողմն առաջինը վավերացնի արձանագրությունները:
ԱԺ պատգամավորը մասնակցել է օրերս Սալոնիկում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։ Այստեղ նա հանդիպել է իր թուրք գործընկերներին եւ ծանոթացել հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ ունեցած նրանց դիրքորոշմանը։
Մինասյանն ասաց, որ թուրք ընդդիմադիր պատգամավորները հայտնել են, թե դեմ են քվեարկելու արձանագրությունների վավերացմանը, քանի որ կարծում են, թե՝ իրենց եղբայր ադրբեջանցիները կհայտնվեն բավականին ծանր իրավիճակում եւ այս պարագայում չեն կարող մենակ թողնել նրանց: Իսկ իշխանական թեւի ներկայացուցիչները, ինչպես Մինասյանին հավաստիացրել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը, ճնշող մեծամասնությամբ կողմ են արտահայտվելու արձանագրությունների վավերացմանը՝ ելնելով Թուրքիայի որդեգրած «զրո պրոբլեմներ հարեւանների հետ» քաղաքականությունից։




























