Գնաճի մակարդակը մնում է բավական բարձր՝ մոտ 9 տոկոս։ Ելնելով սրանից՝ Կենտրոնական բանկը պետք է առաջարկի բարձր տոկոսադրույքների քաղաքականություն՝ ջանալով վերադառնալ գնաճի օրենքով սահմանված 4 տոկոսանոց մակարդակին։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 16-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նշված ցուցանիշին, նշել է նախարարը պետք է հասնել գոնե հաջորդ տարվա վերջին։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ քաղաքականությունը որոշ չափով կսահմանափակի տնտեսության իրական սեկտորին առաջարկվող ֆինանսական ռեսուրսները։

«Դրանք կմնան հասանելի, հատկապես  այն տնտեսական նախագծերի համար, որոնք բարձր շահութաբերություն ունեն եւ կարող են հաղթահարել աճող ֆինանսական ծախսերը»,- ասել է Խաչատրյանը։

Բացի այդ, նշել է նախարարը, արտաքին միջավայրի հետ կապված մարտահրավերները շարունակում են մնալ։ Տնտեսական աճի էկոլոգիական ռիսկերը Հայաստանի հիմնական արտահանական շուկաներում՝ Ռուսաստանում, Չինաստանում, Եվրոգոտում եւ ԱՄՆ-ում, մնում են բավական բարձր։

«Կանխատեսվում է, որ, օրինակ, 2023թ. ընթացքում  ռուսական տնտեսությունը կկրճատվի 2,3 տոկոսով, Եվրոգոտու տնտեսական աճը կկազմի ընդամենը 0,5 տոկոս, Չինաստանինը՝ 4,4 տոկոս, ԱՄՆ-ինը՝ 1 տոկոսի սահմաններում։ Ընդհանուր առմամբ, տնտեսական աճը հաջորդ տարի կկազմի ընդամենը 2,7 տոկոս, ինչն ավելի ցածր է ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշներից»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։

Բայց կանխատեսվում են նաեւ դրական փոփոխություններ։ Դրանց թվում են սննդամթերքների համաշխարհային գների իջեցումը, լոգիստիկ ծառայությունների հուսալիության բարձրացումը փոխադրումների միջազգային շուկաներում, ինչպես նաեւ դրանց գների իջեցումը։