Հայաստանում էլեկտրահաղորդման գծերը, սկսած հյուսիսից եւ վերջացրած ամենահարավով, պետք է ամբողջությամբ կատարելագործվեն։ Սա չափազանց կարեւոր է։ Այս մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Պատգամավորները մասնավորապես հետաքրքրվեցին, թե իրանական կողմի հետ քննարկվում է արդյոք «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման հնարավորությունը։
«Օրինակ՝ այնքա՞ն, որ Իրանը ոչ միայն գնի էլեկտրաէներգիա, այլեւ որ այն հնարավոր լինի արտահանել»,- հարցրեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Ի պատասխան՝ փոխվարչապետն ասաց, որ էլեկտրաէներգիայի արտահանումը բավական հետաքրքիր թեմա է։
«Կարծում եմ, որ դա մեզ համար մեծ նշանակություն ունի: Շատ լավ է, որ մենք էներգետիկ հաղորդակցության գծերի կառուցման նախագծեր ենք իրականացնում երկու ուղղությամբ՝ ինչպես դեպի հյուսիս, այնպես էլ դեպի հարավ։ Մենք դա պետք է անենք շատ ավելի ինտենսիվ, քանի որ էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները տարածաշրջանում զգալիորեն աճել են։ Մենք ունենք էներգետիկ համակարգ, արտադրողական ենթակառուցվածք, որն ունի շատ ավելի մեծ ներուժ։ Մենք պարզապես ի վիճակի չենք այդքանն օգտագործել»,- նկատեց Գրիգորյանը։
Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ այդ ներուժը ճիշտ օգտագործելու դեպքում դա կարող է դրականորեն անդրադառնալ նաեւ ներքին սակագների վրա։
«Ներքին սակագների չնվազման հիմնական պատճառներից մեկը վաճառքի փոքր ծավալն է։ Այս առումով, կարծում եմ, մենք պետք է արագացնենք տեմպերը։ Մենք պետք է ունենանք էլեկտրահաղորդման ժամանակակից համակարգեր»,- եզրափակեց փոխվարչապետը։





























