Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն անձամբ վերահսկելու է հունիսի 28-ին Մարգանեց քաղաքի մի սրճարանում ուկրաինացիների եւ հայերի բախման առնչությամբ քրեական գործի հետաքննությունը։ Այս մասին նա հայտարարել է, գլխավոր դատախազ Ալեքսանդր Մեդվեդկոյի, ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Միխայիլ Կլյուեւի եւ անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Անալիտիկա» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը։

Ուկրաինայի առաջնորդի կարգադրությամբ իրեն պարբերաբար զեկուցելու են եւս երկու քրեական գործերի հետաքննության ընթացքի մասին։ Այս երեք գործերից, նա հատուկ ընդգծել է Մարգանեցում տեղի ունեցածի առնչությամբ հետաքննությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, Դնեպրոպետրովսկի շրջանի հիշյալ քաղաքում հայերի եւ ուկրաինացիների միջեւ ազգային հողի վրա վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է անկարգությունների։ Տեղի սրճարաններից մեկում հայ եւ ուկրաինացի երիտասարդների երկու խումբ ծեծկռտուք էին սկսել, որի հետեւանքով դանակահարությունից մահացել էր միլիցիայի սերժանտ Սերգեյ Բոնդարենկոն։