Հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում տնտեսական առումով մենք կարող ենք հայտնվել շատ ծանր վիճակում։ Հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը։

Ըստ նրա՝ բացման արդյունքում առաջացած ծանր հետեւանքները կարելի կլինի չեզոքացնել, եթե օրենսդրական դաշտում մենաշնորհի վերացմանն ուղղված փոփոխություններ եւ լուրջ հակակոռուպցիոն ծրագրեր լինեն։

Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը, ով եւս ներկա էր հանդիպմանը, ասաց, որ տնտեսական այդ խոչընդոտները հաղթահարելի են, մանավանդ որ ՀՀ վարչապետը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ ասել է, թե արդեն մշակվում են օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտեր, որոնց մեծ մասը գաղտնի են պահվում եւ ուժի մեջ կմտնեն սահմանի բացումից հետո։

Պատգամավոր Վարդան Խաչատրյանն առաջարկում է Հայաստանի հյուսիսում՝ Իջեւան-Ղազախ սահմանում ստեղծել ազատ առեւտրային գոտիներ։ Նա կարծում է, որ առեւտրային հիմքի վրա հնարավոր կլինի հաշտեցնել հայ-ադրբեջանական հասարակությանը եւ չի բացառվում, որ սրանով սկիզբ դրվի հայ-ադրբեջանական սահմանի բացմանը։ Ի դեպ, Խաչատրյանի հետ մեկտեղ, նմանատիպ առաջարկությամբ էր հանդես եկել նաեւ ՀՅԴ գործիչ Վահան Հովհաննիսյանը։