Վերջերս կայացած հրաձգության գործով, որի ընթացքում Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Կարո Կարապետյանը վիրավորել էր Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանին, հարուցվել է քր.գործ Քր.օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասով (Ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Զենքի ապօրինի կրում): Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ինքը՝ Կարո Կարապետյանը:
Նրա խոսքերով, գործում նա հանդես է գալիս որպես մեղադրյալ: Բայց հարցի նման ձեւակերպումը Կարո Կարապետյանին ակնհայտորեն չի բավարարում: Պատասխանելով հարցին, թե հնարավոր է սույն գործով միջնորդություն ներկայացվի՝ պատգամավորին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ, Կարապետյանը պատասխանեց. «Ինչի՞ համար միջնորդություն, որ ինձ ուզում էին սպանե՞լ»:
Սակայն, ինչպես NEWS.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, իրավիճակը բոլորովին այլ է: Նախ, գործով դեռ մեղադրյալներ չկան, քանի դեռ չեն ստացվել փորձաքննությունների արդյունքները: Նրա խոսքերով, միայն փորձաքննությունների արդյունքների ստացումից հետո հնարավոր կլինի քրեա-իրավական գնահատականներ տալ: Տռուզյանը նաեւ հայտնեց, որ սույն գործով անցնող Արթուր Զադոյանը հակասական ցուցմունքներ է տվել եւ հարցաքննվելու է, երբ լինի բժիշկների համապատասխան ցուցումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ի առավոտյան Երասխ-Երեւան –ճանապարհին, Մարմարաշեն գյուղի մերձակայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարո Կարապետյանը վիճաբանության մեջ էր մտել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Զադոյանը մեքենայի մետաղյա գործիքով հարվածել էր պատգամավորի գլխին, իսկ վերջինս, ի պատասխան, իրեն ամրակցված «Բրաունինգ» մակնիշի ատրճանակից հինգ անգամ կրակել էր Զադոյանի ուղղությամբ: Վերջինս վնասվածքներ է ստացել աջ ձեռքին եւ աջ ոտքին:




























