Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը կտրականապես հերքել է այն տեղեկությունները, որ թագավորությունը ՕՊԵԿ+-ի մյուս անդամների հետ քննարկում է արդյունահանումը օրական մինչեւ 500 000 բարել հասցնելու հարցը, հայտնում է Saudi Gazette-ը:

«ՕՊԵԿ+-ը իր նիստերից առաջ որեւէ որոշում չի քննարկում։ Օրական երկու միլիոն բարելով ՕՊԵԿ+-ի ներկայիս կրճատումը կշարունակվի մինչեւ 2023 թվականի վերջը, եւ եթե անհրաժեշտություն լինի արդյունահանման կրճատման լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ առաջարկն ու պահանջարկը հավասարակշռելու համար, մենք միշտ պատրաստ ենք միջամտել»,- հավելել է նա։

ՕՊԵԿ+-ի երկրները հոկտեմբերի 5-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ որոշել են նոյեմբերից օրական երկու միլիոն բարելով կրճատել նավթի արդյունահանումը` նավթի շուկայի կայունությունն ապահովելու եւ համաշխարհային շուկայում անկայուն իրավիճակները կանխելու միջոցառումների շրջանակներում:

Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան եւ ՕՊԵԿ-ի մյուս նավթ արտադրողները քննարկում են արդյունահանման ավելացման հարցը: Հրատարակության տվյալներով՝ ներկայումս քննարկվում է դեկտեմբերի 4-ին ՕՊԵԿ+-ի նիստում արդյունահանումը օրական 500 000 բարելի հասցնելու հարցը։