Եվրոպայում պաշտպանության նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները նշել են, որ զենքի անբավարարությունն Ուկրաինայի արեւմտյան դաշնակիցներին ստիպում է դժվար խոսակցություններ վարել այն մասին, թե ինչպես կարգավորեն աջակցությունն Ուկրաինային, եթե Ռուսաստանը հաջորդ անգամ թիրախավորի իրենց, տեղեկացրել է Defense News-ը։
ՆԱՏՕ-ի անդամները, որոնք միլիարդավոր դոլարների զենք եւ տեխնիկա են ուղարկում, քննարկում են, թե պաշարների ինչ մակարդակ է իրենց անհրաժեշտ փոխադարձ պաշտպանության պայմանագրի իրենց պարտավորությունները կատարելու համար։ Նրանց առջեւ կանգնած որոշումները կարող են հետեւանքներ ունենալ իրենց եւ Ուկրաինայի անվտանգության համար։
«Երբ շարունակում եք Ուկրաինային տալ զինամթերքներ եւ ստիպված եք գնահատել ռիսկը, որին դիմում եք հանուն սեփական պատրաստվածության, դուք ստիպված եք հաշվի առնել սպառնալիքը»,- ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը Գալիֆակի համաժողովում, որը տեղի է ունեցել այս հանգստյան օրերին։
Նրա խոսքով՝ այս խնդիրն առկա է «ամենուրեք», հատկապես զինամթերքների մասով։ Որոշ երկրներ զինամթերքները պահել են հզորության կեսի մակարդակով կամ ավելի քիչ, որովհետեւ մեծ վտանգ չեն տեսել կամ չեն կարողացել իրենց ավելին թույլ տալ։
«Այժմ դա երեւում է եւ հասկանալի է երկրների մեծ մասում»,- ասել է Բաուերը։
Չնայած Ռուսաստանը մեծ թվով զինվորներ, տանկեր եւ ինքնաթիռներ է կորցնում, ասել է Բաուերը, եւ դա նվազեցրել է նրա սպառնալիքը, Ուկրաինայի դաշնակիցները ստիպված են կարողությունների եւ տեմպերի դժվար հաշվարկներ կատարել, որոնցով Ռուսաստանը կկարողանա վերականգնել իր ուժերը։ «Ռուսները նույն դժվարություններն ունեն, ինչ եւ մենք»,- ասել է նա։
Կանադայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Ուեյն Էյրն ասել է, որ Ուկրաինայի պահանջների եւ Կանադայի զինված ուժերի պահանջների հավասարակշռումը «այն է, ինչը չի թողնում քնել գիշերը»։ «Պետք է մշտապես հաշվարկել, թե ինչ կարող ենք տալ եւ ինչը պետք է պահենք մեր ուժերի ստեղծման համար, ինչը պետք է պահենք ապագա չնախատեսված հանգամանքների համար եւ ինչ կարող է արտադրել արդյունաբերությունը»,- ասել է Էյրը։
Հիշեցնելով, որ Օտտավան այս տարվա սկզբին M777 հաուբիցներ եւ ավելի քան 25 000 հրետանային արկեր է զոհաբերել, Էյրն ասել է, որ այս ամսվա սկզբին այցելել է General Dynamics Ordnance and Tactical Systems, որպեսզի տեսնի, թե ինչպես կարելի է ավելացնել 155 միլիմետրանոց զինամթերքների արտադրությունը։
«Հեշտ չէ, երբ գործ ունես արտադրագծերի հետ, որոնք թարմացվելու կարիք ունեն»,- ասել է Էյրը։ «Հեշտ չէ, երբ մատակարարումների շղթան շատ բարդ է»։
Այն երկրների համար, որոնց զինված ուժերը քանցիս կրճատվել են սառը պատերազմի ավարտից հետո, բեկումնային պահ է։ Սեյսմիկ փոփոխութուններ են տեղի ունենում Շվեդիայում։
«Մենք 30 տարվա ընթացքում աշխատել ենք կրճատումների իրավիճակում, եւ մենք շատ ժամանակ ենք ունեցել, բայց փող չենք ունեցել»,- ասել է շվեդական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Միքայել Բայդենը։ «Հիմա հավակնություններ կան, բյուջեն է սահմանափակ։ Հավակնություններն ու պահանջները մեծ են, ժամանակը՝ սահմանափակ»։
Խնդիրներից մեկը, ըստ Բայդենի, այն է, որ գրեթե յուրաքանչյուր արեւմտյան երկիր հույս ունի, որ պաշտպանական արդյունաբերությունը կկարողանա միաժամանակ բավարարել իրենց պաշտպանական պահանջները։ «Եթե հերթի մեջ վերջերում լինեք, չեք ստանա այն, ինչը ձեզ պետք է»,- ասել է Բայդենը։
Պենտագոնն արդյունաբերության հետ քննարկում է, թե ինչպես ավելացնի նոր զենքի արտադրությունը եւ համակարգի դաշնակիցների գործողությունները։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը անցած ամիս դաշնակիցներին Բրյուսելում ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ կոչ է արել «ավելի շատ ջանալ եւ լրացուցիչ հնարավորություններ տրամադրել»։
Սա լուրջ մարտահրավեր է ՆԱՏՕ-ի ամենափոքր անդամների համար, ինչպիսին է Նիդեռլանդները, որը Ուկրաինային 800 մլն դոլար զոհաբերելուց առաջ ամբողջ ուժով փորձում էր կատարել պարտավորությունները ՆԱՏՕ-ի առջեւ։
Գեներալ Օնո Էնհելսհայմը՝ Նիդեռլանդների պաշտպանության նախարարը, ասել է, որ հոլանդական պաշարները «այդքան էլ մեծ չէին», երբ Նիդեռլանդները որոշեց Ուկրաինա ուղարկել 155 միլիմետրանոց հաուբիցների զինամթերքներ եւ ՀՕՊ հրթիռներ։ «Մենք սկսեցինք նրանից, որ այդ պաշարները լիովին չհամալրվեցին, լիովին պատրաստ չէին, մենք նյութական միջոցներ չունեինք աջակցելու համար այն բանին, ինչ առաջարկում էր մեզ ՆԱՏՕ-ն»,- ասել է Էնհելսհայմը։ «Դա նշանակում է, որ ես պետք է անհապաղ լրացնեմ պաշարները՝ շնորհիվ արդյունաբերույթան հետ պայմանագրերի կնքման, որոնք սկսել ենք կնքել, բարեբախտաբար, մեկ տարի առաջ»։
Նիդեռլանդների կառավարությունը եւ եվրոպական այլ դաշնակիցներ արդյունաբերության հետ քննարկել են գնումների իրենց եկարաժամկետ ծրագրերը, որպեսզի խթանեն արտադրության ավելացումը, ինչպես նաեւ այն, թե ինչպես դասավորեն մատակարարումների գերակայությունները, թե որ երկիրն ամենից շատ զենքի կարիք ունի։ Նպատակներից մեկը Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության կառուցումն է եւ ԱՄՆ-ից ոչ այնքան մեծ կախումը։
«Մենք պետք է ավելի լավ համակարգենք մեր գործողությունները, հատկապես Եվրոպայում, որովհետեւ մենք պետք է ապահովենք որոշակի ռազմավարական ինքնավարություն Եվրոպայում»,- ասել է Էնհելսհայմը։ «Դուք չեք կարող հենվել միայն ԱՄՆ-ի կամ այլ գործընկերների վրա, եթե պահանջմունքն այդքան բարձր է։ Որովհետեւ ԱՄՆ-ը չի կարողանա բոլորիս փոխարեն լուծել հարցը, ինչպես կարծում էինք առաջ։ Դա ճիշտ չէ»։
Բաուերը քննադատել է պաշտպանական ընկերություններին՝ հայտարարելով, որ արդյունաբերությունը չի ընդլայնել արտադրագծերը եւ լրացուցիչ վճար է վերցրել։ «Դրա արդյունքում գներն ավելացել են»,- ասել է Բաուերը։ «Դա ոչ մի կապ չուներ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ, դա կապված էր մեր սեփական համակարգի, մեր սեփական հասարակության հետ»։
Ըստ Բաուերի՝ պատվերների ավելացման հետ միասին արեւմտյան դաշնակիցները պետք է գտնեն պաշտպանական արդյունաբերությունը ֆինանսավորելու միջոցներ, ինչպես նաեւ ներգրավեն ռզամական մատակարարների։
Աերոտիեզերական արդյունաբերության ասոցիացիայի գործադիր տնօրեն Էրիկ Ֆանինգը նշել է, որ չնայած եվրոպական եւ ամերիկյան պաշտպանական արդյունաբերության բազաները կարող են տարբերվել, ընկերությունները սովորաբար ռիսկեր են կրում՝ ի պատասխան իրենց ռազմական պատվիրատուների «հստակ ազդանշանների»։
«Այդ ընկերությունները բաժնետերեր ունեն։ Նրանք չեն կարող ստեղծել ավելորդ հզորություններ կամ պաշարներ՝ սպասելով ինչ-որ բանի»,- ասել է Ֆանինգը։ «Նախարարությունը պետք է հստակ ազդանշան ուղարկի, թե ինչ է ուզում, եւ արդյունաբերությունը կարձագանքի»։
Ֆենինգն ասել է, որ զինամթերքների արտադրությունն ավելացնելու արդյունաբերության ունակությունը կախված է այն բանից, թե կստանան արդյոք ընկերությունները պայմանագրեր, որոնք, ըստ նրա, Պենտագոնը չի շտապում թույլատրել։
«Դրանք մատիտներ չեն,-ասել է Ֆանինգը։- Անգամ հնացած զինամթերքները, ինչպիսին են «Ջեւելինը» եւ «Սթինգերները», բարդ են եւ մատակարարումների բարդ շղթա ունեն։ Այս ամենը ժամանակ է պահանջում եւ շատ թանկ կարժենա, եթե հաճախորդները չգնեն»։





























