Հաջորդ տարի Մեծ Բրիտանիան թուլությամբ երկրորդը կլինի աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում, քանի որ համաշխարհային տնտեսությունը շարունակում է տուժել վերջին չորս տասնամյակի ամենամեծ էներգետիկ ցնցումների հետեւանքներից:

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը հայտարարել է, որ 2023 թվականին G20-ի խմբի անդամներից միայն Ռուսաստանում կլինի ավելի ուժեղ կրճատում, քան Մեծ Բրիտանիայում:

Իր կիսամյակային տնտեսական կանխատեսման մեջ ՏՀԶԿ-ն ասել է, որ Մեծ Բրիտանիայի տնտեսությունն այս տարի կաճի 4,4 տոկոսով, իսկ հաջորդ տարի կնվազի 0,4 տոկոսով:

Թեեւ ՏՀԶԿ-ն հունիսից նվազեցրել է երկրների մեծ մասի համար աճի կանխատեսումները, միայն Ռուսաստանում 5,6 տոկոս անկումն, ըստ կանխատեսումների, ավելի լուրջ կլինի, քան Մեծ Բրիտանիայում: Կանխատեսվում է, որ վատ ցուցանիշները կշարունակվեն մինչեւ 2024 թվականը` 0,2 տոկոս աճով, ինչը ամենաթույլ ցուցանիշն է Ռուսաստանի հետ մեկտեղ:

ՏՀԶԿ-ի գլխավոր տնտեսագետի ժամանակավոր պաշտոնակատար Ալվարո Պերեյրան ասել է, որ հաջորդ տարի ակնկալում է ավելի քիչ լուրջ անկում, քան 1,4 տոկոսով անկումը, որը անցյալ շաբաթ նշվել էր Բյուջետային պատասխանատվության վարչության աշնանային զեկույցում, բայց ավելի համեստ վերականգնում 2024 թվականին, քան կանխատեսել էր ՏՀԶԿ-ն:

Ընդհանուր առմամբ, ՏՀԶԿ-ն ակնկալում է, որ իր 38 հարուստ անդամ երկրներում 2023 թվականին աճը կկազմի 0,8 տոկոս՝ երկու անգամ ավելի քիչ, քան սպասվում էր 6 ամիս առաջ: Կանխատեսվում է, որ ԱՄՆ-ը եւ եվրոգոտին կաճեն 0,5 տոկոսով, բայց ակնկալվում է, որ աճն ավելի ուժեղ կլինի ասիական երեք խոշոր տնտեսություններում՝ Չինաստանում (4,6 տոկոս), Ինդոնեզիայում (4,7 տոկոս) եւ Հնդկաստանում (5,7 տոկոս):

ԵՄ երեք խոշորագույն տնտեսություններից Գերմանիան կլինի G20-ի ամենավատ ցուցանիշ ունեցող երրորդ երկիրը (-0,3 տոկոս), մինչդեռ Իտալիան (0,2 տոկոս) եւ Ֆրանսիան (0,6 տոկոս), ըստ ՏՀԶԿ-ի կանխատեսումների, հավանաբար կունենան համեստ աճ:

«Համաշխարհային տնտեսությունն ապրում է 1970-ականներից ի վեր ամենամեծ էներգետիկ ճգնաժամը։ Էներգետիկ ցնցումը բարձրացրել է գնաճը այնպիսի մակարդակի, ինչպիսին չի նկատվել շատ տասնամյակների ընթացքում, եւ նվազեցնում է տնտեսական աճն ամբողջ աշխարհում»,- ասել է Պերեյրան: