Նիդեռլանդները կպաշտպանի իր տնտեսական շահերը՝ միկրոսխեմաների արտադրության համար Չինաստանին սարքավորումների վաճառքն արգելելու հարցում, ինչը Չինաստանին կիսահաղորդչային տեխնոլոգիաներից կտրելու Վաշինգտոնի փորձերին դիմադրության եւս մեկ վկայություն է, գրում է Bloomberg-ը։

Եվրոպական երկրում է գտնվում ASML Holding NV-ն, որը գերիշխում է միկրոսխեմաների արտադրության համար առաջադեմ սարքավորումների շուկայում, որը դարձել է Չինաստանին զսպելու ԱՄՆ կառավարության ջանքերի կենտրոնը:

Նիդեռլանդների արտաքին առեւտրի նախարար Լիե Շրայնեմախերը օրենսդիրներին ասել է, որ Նիդեռլանդներն ինքնուրույն որոշում կկայացնի Չինաստանին ASML չիպերի վաճառքի վերաբերյալ՝ ԱՄՆ-ի եւ այլ դաշնակիցների հետ առեւտրի կանոնների շուրջ բանակցությունների ֆոնին:

«Կարեւոր է, որ մենք պաշտպանենք մեր սեփական շահերը՝ մեր ազգային անվտանգությունը, ինչպես նաեւ՝ մեր տնտեսական շահերը»,- ասել է Շրայնեմախերը Հաագայի խորհրդարանի պատգամավորներին:

Անցյալ շաբաթ հոլանդացի նախարարներից մեկը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը չպետք է ակնկալի, որ Նիդեռլանդներն անվերապահորեն կընդունի իր մոտեցումը Չինաստանի արտահանման սահմանափակումների նկատմամբ:

ԱՄՆ պաշտոնյաները ճնշում են գործադրում Նիդեռլանդների կառավարության վրա, որպեսզի արգելեն իմերսիոն լիտոգրաֆիայի մեքենաների՝ ASML-ի խորը ուլտրամանուշակագույն գծի սարքավորումների ամենաառաջադեմ տեսակի վաճառքը, հայտնում է Bloomberg News-ը: Բայդենի վարչակազմն աշխատում է, որ դաշնակիցները, ներառյալ Նիդեռլանդներն ու Ճապոնիան, կտրուկ քայլեր ձեռնարկեն:

Նիդեռլանդները առանցքային դեր է խաղում այս պայքարում, քանի որ ASML-ը այն սակավաթիվ ընկերություններից է, որը գերիշխում է կիսահաղորդչային սարքավորումների շուկայում: Դրա անալոգներն են Applied Materials Inc.-ը, Lam Research Corp.-ը եւ KLA Corp.-ը ԱՄՆ-ում եւ Tokyo Electron Ltd.-ն՝ Ճապոնիայում։

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ արդյունաբերության եւ անվտանգության հարցերով առեւտրի փոխնախարար Ալան Էստեւսը, այս ամիս կմեկնեն Նիդեռլանդներ՝ քննարկելու արտահանման վերահսկողությունը: Բայց չի ակնկալվում, որ բանակցությունները կհանգեցնեն անհապաղ համաձայնության։

ԵՄ բանակցողները աշխատում են Վաշինգտոնի հետ մի շարք վիճելի առեւտրային հարցերի շուրջ: Երկրները, հատկապես Ֆրանսիան, հայտարարել են, որ միջոցները կարող են վնաս հասցնել եվրոպական տնտեսությանը եւ բարձրացնել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն բողոք ներկայացնելու հավանականությունը:

Այս հարցերը կլինեն հաջորդ ամսվա սկզբին Առեւտրի եւ տեխնոլոգիաների խորհրդի քննարկման թեման՝ ԵՄ եւ ԱՄՆ պաշտոնյաների միջեւ բարձր մակարդակի հանդիպմանը: