Ուկրաինայի ազգային դեղագործական համալսարանը, Դիլիջան քաղաքում կբացի իր մասնաճյուղը։ Խարկովի մարզի ղեկավար Արսեն Ավագովը հայտարարել է, որ նրանք համաձայնության են եկել Խարկովի պատվիրակության հայաստանյան այցի ժամանակ։

Խարկովի շրջանում 91 համալսարան է գործում, որտեղ 300 հազար ուսանող է սովորում։ Իսկ կրթական ոլորտը ներդրման կարողություն ունի, ինչը եւ գնահատել են Հայաստանում։ Նախնական համաձայնությամբ, Խարկովի եւ Հայաստանի համալսարանները կանցկացնեն ուսանողների փոխանակում։ Կա նաեւ համաձայնություն, որ հայ ուսանողները Հայաստանում երկու տարի ուսանելուց հետո, երկու-երեք տարի իրենց ուսումը կշարունակեն Ուկրաինայի ազգային դեղագործական համալսարանում , որի ուսման արժեքը արտասահմանցի ուսանողների համար կազմում է 3,8 հազար դոլար։ Ծրագրվում է նաեւ, որ Խարկով ուսման համար պատանիներ կգնան։ Իսկ ուսման ընթացքում հավանական է, որ նրանց ազատեն զինվորական ծառայությունից, հաղորդում է Status Quo-ն։