Լյուքսենբուրգում այսօր՝ հոկտեմբերի 26-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդի 10-րդ նիստը՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ։ Նիստին մասնակցել են նաեւ Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը, ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան, Եվրահանձնաժողովի ղեկավարի արտաքին հարաբերությունների գծով տեղակալ Հյուգ Մինգարելլին եւ ԵՄ գործերի պետքատուղար Դիեգո Լոպես Գարիդոն։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում։ Շոշափվել են օրենքի գերակայությանը, խոսքի եւ մամուլի ազատությանը, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին աջակցությանը վերաբերող հարցեր։
ԵՄ-ի հաղորդագրության մեջ ասված է, որ Համագործակցության Խորհուրդը իր աջակցությունն է հայտնել հայ-թուրքական արձանագրություններին։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիակատար կարգավորումը մեծ ներդրում կլինի տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ համագործակցության գործում։ «ԵՄ-ն կշարունակի իր քաղաքական եւ տեխնիկական աջակցությունը այդ գործընթացին», ասված է ԵՄ հաղորդագրության մեջ։
Ղարաբաղյան խնդրի կարգավորման առնչությամբ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչն էլ օգնում է նեղացնել տարաձայնությունների տեղիք տվող հարցերի շրջանակը։ ԵՄ-ն նաեւ հայտարարել է իր պատրաստակամությունը՝ աջակցել կողմերի միջեւ փոխվստահության կայացմանը՝ հակամարտության կարգավորմանը նպաստելու համար։




























