Ռումինիայի Տոպլիցա (Toplita) քաղաքում սեպտեմբերի 4-ին կազմակերպվել է գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ եւ բարեգործ Նանդոր Ուրմանցիի (Nandor Urmanczy, 1868-1940) հիշատակի օր: Ուրմանցիները հայկական հին տոհմի շառավիղներից են, որ 16-րդ դարում հաստատվել էին սկզբում Մոլդովայում, այնուհետեւ տեղափոխվել Տրանսիլվանիա եւ ժամանակի ընթացքում մերվել տեղի հունգարների հետ:

Նանդոր Ուրմանցիի կիսանդրին բացվել է նրա ծննդավայր Տոպլիցա քաղաքի կաթոլիկ եկեղեցու բակում, որը ժամանակին կառուցվել էր նրա իսկ միջոցներով:

Հանդիսությանը մասնակցել են Հունգարիայի Ազգային Ժողովի խոսնակ Լասլո Կյովերը (Laszlo Kover), տեղական իշխանությունների եւ հասարակության ներկայացուցիչներ, Ուրմանցիի թոռը` իրավաբան Իշտվան Գորտվեյը (Istvan Gortvay):

Կիսանդրու տեղադրումից հետո ծաղկեպսակներ են դրվել Հունգարիայի ազգային ժողովի, Ռումինիայում Հունգարիայի դեսպանության, տեղական իշխանությունների, ռումինական եւ հունգարական հասարակական կազմակերպությունների, անհատների կողմից:

Հիշատակի օրվա ընթացքում մատուցվել է պատարագ, կատարվել այցելություն Ուրմանցիների տոհմական ամրոց,Նանդոր Ուրմանցիի հիմնադրած դպրոց եւ հիվանդանոց, կազմակերպվել համերգ, ցուցահանդես եւ Ուրմանցիին նվիրված գիտաժողով:

Նանդոր Ուրմանցին ծնվել է Տոպլիցայում 1868թ., ազնվականի ընտանիքում, ավարտել է Բրաշովի դպրոցը, իրավաբանական կրթություն ստացել Բուդապեշտում: Հետագայում նա դարձել է նշանավոր քաղաքական եւ հասարակական գործիչ, 16 տարի անընդմեջ ընտրվել է Հունգարիայի խորհրդարանի անդամ: