Հոկտեմբերի 26-ի գիշերը Մինսկի մոտակայքում վայրէջքի պահին վթարի է ենթարկվել բիզնես դասի ВАе-125-800 ինքնաթիռը։ Ինքնաթիռում եղել է հինգ մարդ՝ երկու ուղեւոր եւ անձնակազմի երեք անդամ. բոլորը զոհվել են։ Ինքնաթիռը պատկանելիս է եղել ռուսական մասնավոր «С-эйр» ավիաընկերությանը եւ Վնուկովո օդանավակայանից չարթերային թռիչքով Մինսկի ազգային օդանավակայան էր թռչում։
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը, ժամը 21։25 րոպեի դրությամբ օդանավակայանային ծառայությունները տագնապի ազդանշան են հնչեցրել, քանի որ օդանավակայանից 2կմ հեռավորության վրա ինքնաթիռը կորել է ռադարներից։
Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի խոսքով, ինքնաթիռն ընկել է անտառում՝ թռիչքուղուց չորս կմ հեռավորության վրա 22։35 րոպեին. բնակելի տներ մոտակայքում չկան։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Ռուսավիացիա»-ին, Սմոլեվիչյան շրջանի Դրաչկովո գյուղից ոչ հեռու հայտնաբերվել են հինգ մարդու դիակները։ Ուղեւորներից մեկը, որ պետք է այդ ինքնաթիռով թռչեր, այդպես էլ չէր ներկայացել։
Այժմ, գործակալության տվյալներով, Մինսկի օդանավակայանում թանձր ծուխ է, թռիչքուղու տարածքում տեսանելիությունը 1,5կմ է։
«Մայակ» ռադիոկայանը հաղորդում է , որ, նախնական տվյալներով, վթարի պատճառը մարդկային գործոնն է եղել։ Փորձագետները նշում են, որ վայրէջք կատարելու համար եղանակը բավարար է եղել։




























