Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներն անցել են կառուցողական մթնոլորտում։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որ տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։

Համաձայն հայտարարության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), երկուշաբթի` հոկտեմբերի 26-ին, Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ։ Համանախագահները նախարարներից յուրաքանչյուրի հետ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել։

Խորհրդակցություններում, որ անցել են կառուցողական մթնոլորտում, գնահատվել է բանակցությունների ներկա փուլը եւ հաջորդող քայլերի վերանայումը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ նախարարների խորհրդի առաջիկա նիստը, որը կանցկացվի դեկտեմբերի 1-ից 2-ը Աթենքում, ասվում է հայտարարության մեջ։

Համանախագահները նոյեմբերի սկզբին կայցելեն տարածաշրջան, որպեսզի հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եւ հիմնական սկզբունքների հիման վրա շարունակեն ղարաբաղյան հարցի խաղաղ լուծման գործընթացը։