Ամերիկուհի Սամանթա Հեյմերը դատարանին խնդրում է փակել հայտնի կինոռեժիսոր Ռոման Պոլանսկու գործը։ Իր որոշումը նախկին ֆոտոմոդելը, ում հետ Պոլանսկին ավելի քան 30 տարի առաջ, երբ նա անչափահաս է եղել, ինտիմ կապ է ունեցել, բացատրել է նրանով, որ Պոլանսկու ձերբակալությունից հետո իր ճակատագրի հանդեպ ցուցաբերած մամուլի մշտական հետաքրքրությունը վատ է անդրադառնում իր առողջության վրա, հայտնում է BBC-ն։

Նրա խոսքով, կինոռեժիսորի ձերբակալությունից հետո ինքը ԶԼՄ ներկայացուցիչներից հարցազրույց տալու առաջարկությամբ ավելի քան 500 զանգ է ստացել։

Բացի այդ, Ռոման Պոլանսկու հետ ունեցած իր հարաբերությունների մանրամասները հայտնի են դարձել ամբողջ աշխարհին, այդ թվում իր ամուսնուն եւ երեխաներին։ Գործը կարճելու մասին խնդրանքը Հեյմերի փաստաբանը Կալիֆորնիայի դատարան է ներկայացրել դեռեւս ուրբաթ։

Հիշեցնենք, որ Պոլանսկին ձերբակալվել էր մոտ մեկ ամիս առաջ Ցյուրիխում՝ տասներեքամյա ամերիկուհու հետ դեռեւս 1977թ.-ին ինտիմ կապի համար։ 1978թ. նա լքել էր ԱՄՆ-ը, որպեսզի խուսափի ձերբակալությունից։ Ավելի վաղ, տուժած ամերիկուհին մեկ անգամ չէ, որ խնդրել է կարճել գործը, քանի որ ռեժիսորը փոխհատուցում է վճարել իրեն։