Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ներկայումս ազատազրկված Մարգար Օհանյանի բիզնեսների դեմ լայնածավալ արշավ է սկսվել:

NEWS.am-ի տեղեկություններով, ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել է ռեյդեր իրականացնել ՃՈ նախկին պետին պատկանող թիվ 39, 45 եւ 22 երթուղայինների, «Bus vojage» ուղեւորափոխադրումների ընկերության ավտոբուսների եւ միկրոավտոբուսների եւ «Անգել» տաքսի-ծառայության մեքենաների դեմ: Հատկապես տաքսի ծառայության վարորդների դեմ ռեյդերը ավտոտեսուչները մեծ հաճույքով են անում, քանի որ երբ Մարգար Օհանյանը ՃՈ պետն էր, նրան պատկանող տաքսի-ծառայության վարորդներն իրենց բավական սանձարձակ էին պահում` ընդհուպ հայհոյելով ճանապարհային ոստիկաններին, իսկ վերջիններս ստիպված էին համակերպվել իրենց ճակատագրի հետ:

Ի դեպ, ՃՈ մեր աղբյուրը հայտնեց, որ երբ Մարգար Օհանյանը զբաղեցնում էր բարձր պաշտոնը, Հյուսիսային պողոտայում գտնվող նրա տան մոտ ճանապարհային ոստիկանները հերթապահություն էին իրականացնում եւ պարտավոր էին մնալ այնքան ժամանակ, քանի դեռ չեն մարել նրա տան լույսերը: Իսկ ձերբակալության հաջորդ իսկ օրը տվյալ պոստը հանել են:

Ներկայումս Հատուկ քննչական ծառայությունը լուրջ բացահայտումներ է իրականացնում` նորանոր չարաշահումների դեպքեր արձանագրելով: Նշվում է, որ 57 միլիոնի յուրացումն ընդամենը ծաղիկներ են այն ամենի համեմատ, ինչ իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է անել ՃՈ նախկին պետը: