Թերթը գրում է, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել ոչ միայն բանակում տիրող բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի, դաժան դեպքերի, սպանությունների, ԶՈՒ պետի եւ սպայակազմի գործունեության, այլեւ Զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի միջև լարված հարաբերությունների մասին։

«Նախարարությունը թեև մշտապես արձագանքել է մամուլի հրապարակումներին, սակայն առ այսօր Յուրի Խաչատուրովը որեւէ մեկնաբանություն չի տվել հասարակությանը հուզող հարցերի՝ բանակում տիրող իրավիճակի, իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ. Այնինչ, ի պաշտոնե թիվ մեկ պատասխանատուներից առաջնայինը ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է, ով, սակայն, երբեւէ հրապարակային պատասխանատվություն չի կրել եւ որեւէ մեկնաբանություն–պարզաբանում չի տվել։ Նա մինչ օրս որեւէ կերպ չի արտահայտել իր վերաբերմունքը նաեւ վերջին օրերին հայկական բանակում իրար հաջորդող սպանությունների դեպքերի առնչությամբ։ Նա, ինչպես միշտ, շարունակում է լռություն պահպանել, այնինչ հասարակությունն այսօր ավելի շատ հենց նրա պարզաբանումներին ու բացատրություններին է սպասում»,- գրում է «168 ժամ»-ը: