Աշխարհը առաջնորդվում է ո՛չ թե ագահությամբ, այլ նախանձով, կարծում է ամերիկացի միլիարդատեր ներդրող Չարլի Մունգերը, ով պնդում է, որ երբեք իր հարստությունը չի համեմատել ուրիշների հարստության հետ:

Նրա խոսքով, հարստության ձգտման իր շարժառիթը միշտ եղել է անկախության ապահովումը, բիզնեսում եւ կյանքում իր ուզածն անելու ազատությունը, եւ Մունգերը ցանկանում է, որ ավելի շատ մարդիկ հետեւեն իր օրինակին: «Աշխարհը չի առաջնորդվում ագահությամբ: Դա պայմանավորված է նախանձով»,- ասել է Մունգերը Daily Journal-ի տարեկան ժողովի ընթացքում:

98-ամյա միլիարդատերը, ով, ըստ Forbes-ի, 2,2 միլիարդ դոլար կարողություն է վաստակել, հավելել է, որ մարդիկ հեշտությամբ եւ հաճախ դառնում են նախանձ։ Նա նշել է, որ մարդուն միշտ չի բավարարում իր ունեցածը:

Սա կարծիք է, որը Մունգերը նախկինում եւս արտահայտել է եւ վերագրել է իր վաղեմի ընկերոջ եւ ներդրումային գործընկեր Ուորեն Բաֆեթին։ Սակայն Մունգերը կարծես վստահ է, որ ինքը հաղթահարել է միտումը:

«Ես իմ կյանքում հաղթահարել եմ նախանձը։ Ես ոչ մեկին չեմ նախանձում»,- ասել է Մունգերը. «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ ունի ուրիշը: Սակայն դա ուրիշներին խենթացնում է»:

Իհարկե, ավելի հեշտ է այսպես ասել, երբ միլիարդատեր ես:

2017 թվականին Մունգերը հարցազրույցներից մեկում ասել է, որ բիզնեսում միշտ փորձում է խուսափել «նախանձից»՝ հավելելով, որ նման մտքերը կարող են վնասել ձեր կարիերային, քանի որ ավելի հավանական է, որ կողմնակալ որոշումներ կայացնեք, որոնք կարող են վատ ավարտ ունենալ:

2019 թվականին նա կրկին խոսել է նախանձի դեմ՝ CNBC-ին ասելով, որ նախանձից խուսափելը երկար եւ երջանիկ կյանքի «հեշտ» գաղտնիքներից մեկն է։

Իրոք, 2018 թվականին իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նախանձով առաջնորդվող մարդիկ ավելի շատ հավանականություն ունեն ավելի վատ հոգեկան առողջություն ունենալու:

Նախանձը պարզապես «ներկառուցված է իրերի էության մեջ», - ասել է Մունգերը Daily Journal-ին: Միլիարդատերը հավելել է, որ չի կարող հասկանալ, թե ինչու են մարդիկ այսօր դժգոհ իրենց ունեցածից, հատկապես նախորդ սերունդների ապրած դժվարին ժամանակների համեմատ։

Ինքը՝ Մունգերը, վերապրել է Մեծ դեպրեսիան եւ նշում է. «Այն փաստը, որ բոլորը հինգ անգամ ավելի լավ վիճակում են, քան նախկինում, մի բան է, որը նրանք ընդունում են որպես փաստ: Միակ բանը, ինչի մասին նրանք մտածում են, այն է, որ մեկ ուրիշն այս պահին ավելին ունի, եւ արդար չէ, որ նրանք դա չունեն»: