Կառավարության շենքի առջեւ հավաքված մի քանի տասնյակ ցուցարարներ հրաժարվում են հեռանալ, կամ ինչպես ոստիկաններն են պահանջում` ճանապարհ բացել կառավարության նիստին ժամանող նախարարների ու անցորդների համար: Ցուցարարները բողոքում են բանակում կատարված սպանությունների դեմ: Կառավարության շենքի առջեւ հավաքվել են ինչպես զոհվածների հարազատներ, այնպես էլ սպանվածների հետ կապ չունեցող անձինք:
Ոստիկանության գնդապետ Զարզանդ Եղիազարյանի պահանջը` հեռանալ կառավարության մուտքի մոտից, կրակի վրա յուղ լցրեց, ի պատասխան ցուցարարները սկսեցին վանկարկել ու վիրավորական արտահայտություններ անել տարբեր պաշտոնյաների հասցեին:Ցուցարարների մեջ շատ են նրանք, ովքեր Facebook սոցիալական ցանցից են տեղեկացել ակցիայի մասին:
Ցուցարարներից Հասմիկ Հրաչյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ սպանությունների համար պետք է պատասխան տա բանակի բարձրագույն ղեկավարությունը, ընդհուպ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մեկ այլ ցուցարար Սիրանույշ Եսայանի կարծիքով` իրավապահ մարմինները բավարար ջանքեր չեն գործադրում սպանությունները բացահայտելու համար:
Ցուցարարները` պաստառներով եւ բանակում սպանված զինվորների լուսանկարներով, երթով անցան Հանրապետության հրապարակի կենտրոնի «գորգի» վրայով, հասան Գլխավոր դատախազության մոտ, որտեղ մի քանի րոպե լուռ կանգնեցին, ապա կրկին երթով ուղեւորվեցին դեպի նախագահական նստավայր:



























