Թերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հետ:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:
Ինչպիսի՞ն է «Ժառանգության» դերը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերը համախմբելու գործում:
Կարծում եմ` վերջին 6-7 ամիսների ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտը որոշակիորեն տեղապտույտ ապրեց` հիմնականում երկխոսության պատճառով: Իհարկե, երկխոսությունը նաեւ այս նպատակն է հետապնդում` քաղաքական դաշտում միասին առանձնանալու ակնկալիքը: Բայց, կարծում եմ, սկսվում է քաղաքական գործընթաց, որը պետք է իր մեջ ներառի համապետական երկու` խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: Իհարկե, ժամանակի պահանջն է, որ տեղի ունենա համախմբում քաղաքական որոշ ուժերի միջեւ որոշակի գաղափարաքաղաքական ծրագրի շուրջ: Ուզում եմ շեշտել ծրագրի կարեւորությունը:
«Ժառանգությունը» բազմիցս արտահայտվել է այն հարցի շուրջ, որ մեր պետության զարգացման համար ավելի ընդունելի եւ արդյունավետ է պետական կառավարման խորհրդարանական կամ վարչապետական տարբերակը: Պետության` այս ծանր վիճակում հայտնվելու պատճառներից մեկն էլ, կարծում եմ, հենց գործող նախագահական համակարգն է, որն այս 20 տարիների ընթացքում պետությունը դարձրեց ընդամենը գործնականում անսահմանափակ լիազորություններով օժտված անհատների իշխանություն:
Ի դեպ, այս բանավեճը` խորհրդարանական թե նախագահական կառավարում, վերջին 20 տարիների ընթացքում միշտ եղել է քաղաքական օրակարգում: Նույնիսկ շատերը, որոնք ժամանակին կողմ էին նախագահական համակարգին, այսօր արդեն ընդունում են, որ խորհրդարանական համակարգը շատ ավելի ընդունելի է Հայաստանի համար: Սահմանադրական փոփոխություն է պահանջվում այս առումով: Եվ նաեւ կարևոր է, որ այդ ուժերի համար միասնական լինեն հայ-թուրքական հարաբերությունների եւ Արցախյան հակամարտության կարգավորման մոտեցումները: Այն, ինչ կա հրապարակի վրա, «Ժառանգությունը» մերժում է: Եվ մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտում առկա են այն ուժերը, որոնք կարող են համախմբվել վերը շարադրված ծրագրի շուրջ եւ առաջիկա քաղաքական զարգացումներում միասնաբար պայքարել այս ծրագրի իրականացման համար:



























