Ռուսաստանում երկուշաբթի գրանցվել է խոզի գրիպից մահացության առաջին երկու դեպքը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Անիշչենկոն, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Նրա խոսքով, վտանգավոր վիրուսից Չիտայում մահացել են երկու կանայք՝ 29 եւ 50 տարեկան։ «Երկուսի մոտ էլ հաստատվել է A/H1N1 վիրուսը, երկուսի մոտ էլ շնչարգելություն է եղել»։ Գենադի Անիշչենկոն նշել է, որ կանանցից մեկը հղի է եղել. երեխային փրկել չի հաջողվել։
Ի դեպ, ինչպես ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել էր Մերձբայկալյան մարզի նահանգապետի մամուլի ծառայության աշխատակիցը, խոզի գրիպի ախտորոշումը երկու կանանց տրվել է դեռեւս կենդանության օրոք։ Սակայն վերջնական ախտորոշումը պարզ կլինի 21 օրից, իսկ մինչ այդ մահացածների անալիզներն ուղարկվել են Նովոսիբիրսկ։
Տվյալների համաձայն՝ Չիտայում եւ մարզի 12 շրջաններում գրանցվել է A/H1N1 վիրուսի 235 դեպք։ Այստեղ հիմնականում հիվանդանում են 7-14 տարեկան երեխաները եւ մեծահասակները։ Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 1300 մարդու։




























