Դեկտեմբերի 11-ին Սյունիքի մարզում նռնակով ինքնասպանություն գործած տղամարդը Տաթեւի համայնքապետարանի աշխատակից էր։
shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 10։00-ի սահմաններում Գորիսի ԲԿ-ից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Շինուհայր գյուղ՝ նռնակի պայթյունից վիրավորում ստացած քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար։ Հասնելով դեպքի վայր՝ բժիշկները հայտնել են, որ այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաներն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ՝ 57-ամյա Պարգև Ս-ն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս Շինուհայր գյուղի 11-րդ փողոցի 9-րդ շենքի ձախակողմյան հատվածում գտնվող, իրեն պատկանող հողատարածքում է եղել, երբ նկատել է, որ իր համագյուղացի Ա. Ղ-ն մոտենում է դեպի իր հողատարածքին։ Ըստ Ա. Ղ-ի՝ Պարգև Ս-ն հրահանգել է իրեն՝ չմոտենալ, հեռանալ տարածքից, որից հետո լսվել է պայթյունի ձայն։
Ա. Ղ-ն հայտնել է, որ հնարավոր է՝ պայթեցնելու եղանակով Պարգև Ս-ն ինքնասպան է եղել։
Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Արդյոք Ա. Ղ-ի հայտնած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, և տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պարգև Ս-ն աշխատում էր Տաթևի համայնքապետարանում։





























