Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել աջակցել դիվանագիտական ջանքերին՝ հակամարտությունները դադարեցնելու համար, հաղորդում է El-Nashra-ն՝ հղում անելով նախագահի վարչակազմին։

«Կարծիքները համընկան այն հարցում, որ անհրաժեշտ է աջակցել դիվանագիտական լուծումներին՝ որպես տարածաշրջանում հակամարտություններին վերջ դնելու լավագույն միջոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թեհրանի և Բեյրութի միջև դիվանագիտական շփումների ակտիվացման ֆոնին։ Չորեքշաբթի Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան է ժամանել Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն՝ իրեն ուղեկցող դիվանագիտական պատվիրակության հետ միասին։

Լիբանանյան լրատվամիջոցների տվյալներով՝ իրանցի բարձրաստիճան ներկայացուցչին դիմավորել են «Ամալ» շարժման պատվիրակությունը՝ Խալիլ Համդանի գլխավորությամբ, որը ներկայացնում էր խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիին, ինչպես նաև պատգամավոր Ալի ալ-Միքդադը, որը ներկայացնում էր «Հեզբոլլահի» ղեկավարությանը։