Եվրամիությունը մտադիր է եւ այսուհետ խորացնել գործընկերությունը Հարավային Կովկասի երեք հանրապետությունների հետ եւ աջակցել նրանց համագործակցությանը «Արեւելյան գործընկերության» քաղաքականության շրջանակներում ։ Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ ղեկավարող «եռյակի» հանդիպման արդյունքներով ընդունված ամփոփագրում։
ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի երեկվա նիստի պատվին մատուցվել է աշխատանքային նախաճաշ, որին մասնակցել են կովկասյան երեք երկրների ԱԳՆ ղեկավարները, ԵՄ նախագահող երկիրը ներկայացնող Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը, արտաքին կապերի հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները եւ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան։
Նույն օրը արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացել են ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Վրաստան համագործակցության խորհրդի նիստերը։
Այդ հանդիպումների մասին տեղեկություններում նշվում է, որ ԵՄ-ը Հայաստանի ու Վրաստանի հետ քննարկել է «Ասոցիացման մասին» նոր համաձայնագրերի շուրջ բանակցությունների հեռանկարը։ Այդ համաձայնագրերը առավել առաջադեմ են, քան գործընկերության ու համագործակցության շուրջ գործող համաձայնագրերը, եւ կստորագրվեն «Արեւելյան գործընկերության» քաղաքականության շրջանակներում։ ԵՄ-ը խոստացել է «քաղաքական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերել» Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների լիակատար կարգավորման գործընթացին։ Նա ողջունել է Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությունը, որը «թույլ է տվել նեղացնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ առկա տարաձայնությունների դաշտը»։
ԵՄ-ը հաստատել է «Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն այսուհետ եւս աջակցելու պարտավորությունը»։
ԵՄ-Վրաստան համագործակցության նիստում քննարկվել է ԵՄ դերը Վրաստանում հակամարտության կարգավորման հարցում՝ այնտեղ ԵՄ դիտորդական առաքելության ներկայության տեսքով, ԵՄ մասնակցությունը Ժնեւի բանակցություններին, նրա ֆինանսական աջակցությունը Վրաստանի հակամարտությունից տուժած շրջանների վերականգնմանը, տեղահանված անձանց տեղավորմանն ու տնտեսական կայունացմանը։
ԵՄ-ը հաստատել է իր պարտավորությունները Վրաստանի անվտանգության ու կայունության մասով՝ «անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ հակամարտության խաղաղ եւ երկարատեւ կարգավորման սկզբունքների լիակատար հարգման հիման վրա»։




























