Հոկտեմբերի 27-ին Թբիլիսիում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի ու Հարավային Կովկասի երկրների միջեւ մշակութային համագործակցության հարցերին նվիրված խորհրդաժողով։ Միջոցառմանը, որը կազմակերպվել է Բրիտանական խորհրդի աջակցությամբ, կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի մշակույթի գործիչները։
Խորհրդաժողովին հրավիրված պետական կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կքննարկեն կապերի խորացման իրական հնարավորությունները եւ կփորձեն վերանայել համապատասխան օրենսդրական դաշտը, ֆինանսավորման աղբյուրներն ու հաջողության չափանիշները։
Խորհրդաժողովի ընթացքում, որին ներկա կլինի նաեւ հարավ-արեւելյան Եվրոպայում Բրիտանական խորհրդի ղեկավար Մայքլ Բարդը, կքննարկվեն մշակութային համագործակցության ընդլայնման հարցերի նոր ասպեկտները,- հաղորդում է"GHN"։




























