Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության 10 տարին: Ուղիղ 10 տարի առաջ,ժամը մոտավորապես 17-ին, հինգ զինված անձինք Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ:

Ահաբեկչությանը հաջորդող 4 տարիների ընթացքում որեւէ նոր բան չպարզեց այդ ոճրագործության կազմակերպիչների առումով, եւ մինչ օրս հասարակության մեջ եղած կասկածները մնացին չփարատված: Հիշեցնենք, որ 5 ահաբեկիչները դատապարտվել են ցմահ ազատազրկման, որոնցից մեկը` Նաիրի Հունանյանի քեռին, բանտում ինքնասպան է եղել:

Այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր` Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելության: Դրանից զատ, այսօր ԱԺ այգում բացվել է հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող: Առանձին հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսը, որը համարում է, որ հոկտեմբերի 27-ը «պետական հեղաշրջմամբ իրականացված իշխանության բռնազավթում էր՝ ահաբեկչության ճանապարհով»: