Մենք միջազգային հանրության բոլոր դերակատարներից, տվյալ դեպքում ԵՄ-ից եւս պահանջում ենք ոչ միայն հայտարարություններ, այլ նաեւ գործնական քայլեր ալիեւյան ռեժիմի սանձերը քաշելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Այս նորանոր հանցագործությունները, այս ցեղասպանական հանցագործությունները շարունակությունն են ցեղասպանական քաղաքականության, հետեւանքն են Ադրբեջանի, Ալիեւի ռեժիմի անպատժելիության, ԵՄ-ի եւ  ամբողջ միջազգային հանրության իմպոտենտության, լռության, անգործության: Այդ պատճառով այս հանցագործությունները ընկած են միջազգային հանրության բոլոր դերակատարների խղճի վրա»,-ասաց նա, որից հետո ներկաները սկսեցին վանկարկել՝ «Ոչ ցեղասպանությանը», «բացել կյանքի ճանապարհը», «վերջ տալ անպատժելիությանը», «դադարեցնել իմպոտենտությունը», «չվաճառել արժեքները նավթի ու գազի դիմաց»:

Ինչպես ԱՄՆ-ի եւ Չինաստանի դեսպանությունների մոտ, այստեղ եւս ակցիայի մասնակիցների թղթից պատրաստված ինքնաթիռներ նետեցին գրասենյակի տարածք, որը խորհրդանշում է Արցախի համար նաեւ օդային միջանցք բացելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ այսօր բողոքի ակցիաներ են անցկացվում ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ երկրնների դեսպանությունների մոտ: Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան անգլերենով պաստառներ. «Դադարեցնեք Ադրբեջանի ագրեսիան», «Պաշտպանել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները», «Արցախը ձեր կարիքն ունի, խոսեք հիմա», «Ճանաչեք Արցախը»: