Ռուսաստանն այս հակամարտության հարցում ունի երկակի կարեւոր նշանակություն. նախ, որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ, որպես Արցախում միակ միջազգային ներկայացվածություն եւ որպես ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Երեւանում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հյտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Երեւի միջազգային հանրության անդամներից ոչ մեկը Ռուսաստանի չափ չի տիրապետում Արցախում տիրող իրավիճակին, որովհետեւ Արցախում գտնվողն 2 հազար ռուս խաղաղպաահները ամենօրյա ռեժիմով տեսնում են, թե Ադրբեջանն ինչպես է խախտում Արցախում ապրող 120 հազար մարդկանց իրավունքները: Այդ խախտումներն արձանագրվում են ՌԴ ՊՆ-ի կողմից հրապարակվող ամփոփագրերում:
ՌԴ-ն նաեւ տեսնում է, որ Ադրբեջանը հատկապես այս տարվա փետրվար-մարտից իրականացնում է խաղաղապահի զորակազմին որակազրկող գործողություններ: Դրանք նպատակ են հետապնդում հող նախապատրաստել, որ 2025-ից հետո ռուս խաղաղպահ ուժերը հանվեն Արցախից, եւ հայ ժողովուրդը մնա առանց անվտանգության երաշխիքների:
Մենք գտնում ենք, որ Ռուսաստանը իր գործողություններով պետք է սանձի Ադրբեջանին, որը պարտավոր է իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները: Ես վստահ եմ, որ Ռուսաստանը դա կարող է անել, ես վստահ եմ, որ ՌԴ-ն դա ուզում է անել: Ես որպես Արցախի ՄԻՊ, գիտեմ, որ խաղաղապահի զորախմբում մարդիկ են, որոնք հավատարիմ են իրենց առաքելությանը: Ես ուզում եմ խնդրել այդ մարդկանց, որ ձեռնարկեն բոլոր գործողությունները, որ ամենակարճ ժամանակահատվածում, հենց այս պահին վերականգնվի Արցախի եւ Հայաստանի անխափան կապը»,-ասաց Գեղամ Ստեփանյանը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են ռուսական խաղաղապահի զորախմբի որակազրկմանը, եւ ռուսական կողմը դա լավ հասկանում է. «Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է հասկանա, որ իր գործողությունները հստակ արձագանքի, հստակ պատիժների են արժանանում»:
Նշենք, որ այսօր բողոքի ակցիաներ են անցկացվում ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ երկրնների դեսպանությունների մոտ: Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։
Ակցիայի մասնակիցների ձեռքին կան անգլերենով պաստառներ. «Դադարեցնեք Ադրբեջանի ագրեսիան», «Պաշտպանել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները», «Արցախը ձեր կարիքն ունի, խոսեք հիմա», «Ճանաչեք Արցախը»:





























