Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը փորձում է լկտիաբար հավաստիացնել, որ Արցախի հայությունը «չունի ոչ սննդի, ոչ դեղորայքի խնդիր» այն բանից հետո, երբ այսպես կոչված ադրբեջանցի «բնապահպանները» չորրորդ օրն է՝ փակում են Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող Լաչինի միջանցքը։ Բացի այդ, Ադրբեջանը նաեւ դադարեցրել է գազի մատակարարումներն Արցախ։
Այնուհետեւ նա որոշ «ուժերի, որոնք շահագրգռված չեն բանակցություններով», մեղադրել է Ադրբեջանի հանդեպ սադրանքների մեջ։ Սադրանքները կանխելու համար հայկական կողմին պետք է լուրջ զգուշացումներ արվեն։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այն անձինք, որ եկել են դրսից եւ այժմ այնտեղ են (Ղարաբաղում), քաղաքացիներին դիմելու իրավունք չունեն։ Տեղի հայ բնակչությունը մնալու, ապրելու բոլոր իրավունքներն ունի՝ ադրբեջանական օրենսդրության շրջանակներում»,- լրագրողներին ասել է Բայրամովը։
Նա նաեւ հայտնել է մինչեւ տարեվերջ Արարատ Միրզոյանի հետ հանդիպելու ծրագրերի մասին։





























