Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վտանգավոր սրվել է։ Ադրբեջանն արդեն մի քանի օր է՝ անօրինական եւ հանդուգն կերպով փակում է Լաչինի միջանցքը՝ կյանքի միակ ճանապարհը, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը կապում է Հայաստանի Հանրապետության հետ։ Հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում բնապահպանության համար հոգալու կեղծ պատրվակով ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Բաքուն շտապում է իրականացնել իր նպատակները։ Ադրբեջանական նոր սադրանքը հայերին հայրենի հողից վտարելու ռազմավարության մի մասն է, որը կարող է հումանիտար աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղում։ Հարցականի տակ են դրվել սննդամթերքի եւ դեղորայքի մատակարարումները, ինչպես նաեւ կոմունալ ծառայությունների բնականոն գործունեությունը։ Լաչինի միջանցքի շրջափակմանն ավելացել է Լեռնային Ղարաբաղին գազի մատակարարման դադարեցումը, ինչն այլեւս չես վերագրի, այսպես կոչված, բնապահպանների նախաձեռնությանը։ Դպրոցները դադարեցրել են աշխատանքը, ձմռանը ջեռուցման անջատման սպառնալիքի տակ են մնացած բոլոր սոցիալական օբյեկտները։

Իմ համոզմամբ՝ Բաքվի գործողությունները նաեւ տարածաշրջանում ռուս խաղաղապահների առաքելությունը վարկաբեկելու եւ խափանելու փորձ են։ Բաքվում, ըստ երեւույթին, կարծում են, որ Ուկրաինայում Ռուսաստանի առճակատումն Արեւմուտքի հետ բարենպաստ պահ է Անդրկովկասում նրա ազդեցության դերը թուլացնելու համար։ Շատ վաղ չե՞ն արդյոք Ադրբեջանում կարծում, որ ամեն ինչ կարող են անել։

Իմ անունից եւ միջազգային «Լազարեւյան ակումբի» խորհրդի անունից պահանջում եմ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Հուսով եմ, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները, դիվանագետներն ու զինվորականները համոզիչ փաստարկներ կգտնեն իրավիճակը նորմալ հուն վերադարձնելու համար։ Հետագա եւ հնարավոր հետեւանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ադրբեջանական կողմի վրա է»,- նշել է նա։