Խաղաղապահների մանդատը սովորաբար համաձայնեցվում է կողմերի հետ, որոնք նրանց հրավիրում են։ Այս դեպքում մանդատի մասին որոշման կայացմանը պետք է մասնակցի հայկական կողմը, ադրբեջանական կողմը, եւ, իհարկե, ռուսական կողմը։ Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Խաղաղապահ զորախումբ բերելու հետ կապված շատ հարցեր հետաձգվել են ավելի ուշ ժամանակի, որպեսզի մուտքն ինքը ավելի արագ իրականանա, եւ հետո գործընթացը սկսի ձգձգվել, ընդ որում՝ բոլորովին չեմ բացառում, որ գիտակցաբար ձգձգվել է նրանց կողմից, ովքեր պետք է ամեն ինչ համաձայնեցնեին։

Առողջ բանականության տեսանկյունից ակնհայտ է, որ ճանապարհը պետք է ապաշրջափակվի։ Ես հասկանում եմ, որ դա պատասխանատու որոշում է, որը կարող է հետեւանքներ առաջացնել, եթե դա արվի ուժով, բայց, ի վերջո, հնարավոր է մի իրավիճակ, երբ այլ ելք չի մնա։

Սա հնարավոր ուղիներից ու միջոցներից ամենավերջինն է, բայց առայժմ այս ճանապարհն ապաշրջափակելու տարբեր այլ փորձեր են արվում։ Բանակցություններ են եղել Պուտինի եւ Ալիեւի միջեւ, եւ ես վստահ եմ, որ այդ թեման շոշափվել է։ Տեսնում եմ, որ Ադրբեջանը բոլորովին չի շտապում կատարել հենց այն հայտարարությունը, որի տակ ինքը ստորագրել է։ Եվ բոլորովին չեն շտապում վերադառնալ իրենց ելման դիրքերին նաեւ հայ-ադրբեջանական սահմանի գոտում՝ շահարկելով, որ այն իբր սահմանազատված չէ։

Ադրբեջանի ռազմավարությունն այն է, որ ձգտի առավելագույն ամեն ինչ քամել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակից եւ հասնի դրան հնարավորինս արագ։ Նրանք շտապում են։

Ես գիտեմ, որ խաղաղապահ զորախումբը հուսալի ձեռքերում է, այս զորախմբի հրամանատարությունը բարձր որակավորմամբ սպաներ են։ Ես ծանոթ եմ մեր գեներալի հետ, որը ներկայումս իրականացնում է զորախմբի ղեկավարությունը։

Վստահ եմ, որ նա իրենից կախված ամեն ինչ անում է, որ այս իրավիճակը հնարավորինս արագ եւ հնարավորինս խաղաղ հանգուցալուծվի, բայց դա շատ դժվար է այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմը նպատակ ունի շարունակել այդ սադրանքը։ Այն, ինչ, ըստ իս, նրանց առայժմ սահմանափակում է՝ ձմեռային եղանակն է, որի պատճառով պետք է փոխարինել այդ նույն «բնապահպաններին»։

Խաղաղապահների առաջին խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումը կանխելն է։ Այդ առաջադրանքը նրանք առայժմ կատարում են:

Ինչ վերաբերում է ճանապարհի ապաշրջափակմանը, վստահ եմ, որ պետք է որոշումներ կայացվեն, եւ եթե նման հրաման լինի, ապա այն պետք է կատարվի։ Բայց հանուն ապաշրջափակման ուժ կիրառելու այդ հրամանը, որքան հասկանում եմ, չի տրվել, քանի որ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու դեռ որոշ հույս կա»,- ընդգծեց Զատուլինը։