Ադրբեջանի իշխանության ակնհայտ պատվերով հարցում է անցկացվել ռուս խաղաղապահների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հարցումն անցկացրել է սոցիալական հետազոտությունների կենտրոնը 2022 թվականի դեկտեմբերի 5-11-ը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին այդ երկրի իշխանությունը հերթական սադրանքն է իրականացրել՝ փակելով Լաչինի միջանցքը՝ «բնապահպանական» ակցիայի անվան տակ։
Եվ այսպես, ըստ արդյունքների, հարցվածների 81,8 տոկոսը բացասաբար է վերաբերվում ռուս խաղաղապահներին։ Խաղաղապահների նկատմամբ դրական վերաբերմունք է հայտնել հարցվածների 6,9 տոկոսը, 11,3 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։
Հարցվածները պատասխանել են նաեւ «ի՞նչ եք մտածում Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետների մասին»։ Հարցվածների 49,0 տոկոսը կարծում է, որ խաղաղապահները կհեռանան Ղարաբաղից, երբ ավարտվի հնգամյա ժամկետը, 37,2 տոկոսն անորոշ պատասխան է տվել, իսկ 13,8 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։
Ավելի վաղ ադրբեջանական իշխանության քարոզչամեքենան «երաժշտական գլուխգործոց» էր ստեղծել «զզվանք առաջացնող խաղաղապահների» մասին։





























