«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման փաստը բացասաբար կազդի թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա, բայց չպետք է մոռանալ, որ Թուրքիան արդեն երկար տարիներ պաշտպանում է Ադրբեջանին ԼՂ հարցում»,- «Դեյ.ազ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջամիլ Հասանլին:
Հարցին, թե արդյո՞ք այդ արձանագրությունները կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանում, նա պատասխանել է. «Ես դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ այդ հարցին եւ կարծում եմ, որ պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ սահմանի բացումը մեզ համար ողբերգություն կլինի: Մեր հիմնական նպատակը ոչ թե սահմանի բացմանը խոչընդոտելն է, այլ մեր հողերի վերադարձը»:
Հասանլին նաեւ դրական է գնահատել Կովկասում Թուրքիայի հետաքրքրությունների աճը: «Թուրքիան ցանկանում է վերադառնալ Կովկաս, ինչը շատ բնական է, եւ մասնակցել բոլոր տարածաշրջանային գործընթացներին: Թուրքիան շատ ավելի իրավունք ունի այդ անելու, քան Կովկասի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող շատ երկրներ»,- ընդգծել է ադրբեջանցի պատգամավորը:




























