Հոկտեմբերի 27-ին գտնվել է վթարի ենթարկված ռուսական ВАЕ-125-800 ինքնաթիռի սեւ արկղերից մեկը։ Այդ մասին, ինչպես հայտնում է «БелТа» գործակալությունը, այսօր հայտարարել է Բելառուսի տրանսպորտի եւ կապի նախարարության օդագնացության դեպարտամենտի տնօրեն Վադիմ Մելնիկը։ Նրա խոսքով՝ ներկա պահին փնտրում են երկրորդ սեւ արկղը։ Մելնիկը հայտնել է նաեւ, որ զոհվածների թվում է եղել «С-эйр» ավիաընկերության տնօրեն՝ Մարատ Ռոմաշկինը, ում էլ պատկանում էր այդ ինքնաթիռը։

Մնացած չորս զոհերի անունները եւս հայտնի են՝ դա երկրորդ ուղեւոր Մալիշեւն է, եւ անձնակազմի երեք անդամներ՝ օդաչու Սամոյլովը, օդանավի հրամանատար Սնիմշիկովը եւ ուղեկցորդուհի Լատուտինան։

Ինչպես նշել է Մելնիկը, ինքնաթիռը նախատեսված ուղեգծից աջ է թեքվել եւ դիսպետչերը ուղարկել է նրան երկրորդ պտույտի։ Երկրորդ անգամ պտույտի ժամանակ ինքնաթիռը ավելի ձախ է գնացել վայրէջքի գծից։ Երբ դիսպետչերը կրկին նրան ձգտել է պտույտի ուղարկել, կապը նրա հետ ընդհատվել է։

Նրա խոսքով, ինքնաթիռի վայրէջքի համար եղանակը շատ ավելի բարենպաստ էր քան Մինսկի օդանավակայանում, եւ այն չէր կարող հանդիսանալ ինքնաթիռի վթարի պատճառ։

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ինքնաթիռը ընկել է 22։35-ին, անտառում, Մինսկի օդանավակայանի վայրէջքի գծից 4 կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռի մասերը՝ զոհված ուղեւորների եւ անձնակազմի երեք անդամների դիակների հետ գտել են Դրաչկովա գյուղի շրջանում։