«Միգրանտները խթանում են տնտեսական զարգացումը։ Ընդհանուր առմամբ միգրացիան մեծ ազդեցություն ունի հասարակական բազմազանության եւ նորամուծության ապահովման համար»,-այս մասին հոկտեմբերի 27-ին ՄԱԿ-ի գրասենյակում «Հաղթահարելով խոչընդոտները.մարդկային շարժ եւ զարգացում» թեմայով տեղի ունեցած զեկույցի ժամանակ հայտարարեց Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։ Նրա խոսքով, կառավարությունները պետք է մի շարք հայեցակարգային բարեփոխումներ իրականացնեն միգրացիայից ստացվող օգուտների մեծացման եւ միգրանտների իրավունքների պաշտպանության համար, քանի որ նրանց եկամուտները սովորաբար ուղղվում են նաեւ հայրենիքում նրանց ընտանիքներին եւ համայնքներին, ինչը շատ դեպքերում կատարվում է դրամական փոխանցումների միջոցով։

«Մենք մեր հայ միգրանտներից տարեկան 2 միլիարդ դոլարի դրամական փոխանցումներ էինք ստանում, բայց հիմա ճգնաժամի պատճառով, այն կրճատվել է 80-85 տոկոսով»,-հավաստիացրեց միգրացիոն գործակալության պետի տեղակալը։

Նշենք, որ ըստ Մարդկային զարգացման համաթվի (ՄԶՀ), որը երկրի բնակչության բարեկեցության մակարդակն արտահայտող ամփոփ ցուցանիշ է, Հայաստանը 182 երկրների շարքում 84-րդ տեղում է: Հատկանշական է, որ «միջին մարդկային զարգացում» ունեցող երկրների շարքում՝ Հայաստանը առաջին տեղում է, որին հաջորդում են Ուկրաինան եւ Ադրբեջանը։ Իսկ ամենաբարձր ցուցանիշներով երկրներն են Նորվեգիան, Ավստրալիան. Իսլանդիան։