2009թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում հանցագործությունների թվի զգալի աճ է գրանցվել: Այդ մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հացավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը:

Մասնավորապես, ըստ Պողոսյանի, գրանցվել է 826 հանցագործություն թմրանյութերի մասով, նախորդ տարվա 549 դեպքի փոխարեն: Գրանցված հանցագործություններից 448-ը բաժին է հասնում Երեւանին: Առգրավվել է մոտ 29 կգ թմրանյութ:

Նույն ժամանակահատվածում գրանցվել է 652 տնտեսական հանցագործություն՝ նախորդ տարվա 313-ի փոխարեն, 46 կաշառակերության դեպք:

Ըստ Պողոսյանի ներկայացրած տվյալների՝ գրանցվել է նաեւ կոռուպցիայի 399 դեպք, նախորդ տարվա 288-ի փոխարեն: Ընդ որում, 6-րդ վարչության պետը հայտարարեց, թե լուրջ պաշտոնյաներ են մասնակից եղել այդ հանցագործություններին, սակայն դժվարացավ որեւէ կոնկրետ անուն նշել:

Հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է թրաֆիքինգի 12 դեպք՝ նախորդ տարվա 8-ի փոխարեն:

6-րդ վարչության պետը նաեւ հայտարարեց, որ վերջին տարիներին լուրջ աշխատանք է կատարվում մտավոր սեփականության դեմ կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Մասնավորապես՝ 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 28 այդպիսի դեպք է բացահայտվել: